Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ռազմական օպերացիայի անցկացումից առաջ ԵՄ անդամները հանդես են գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումների անցկացման օգտին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:
«ԵՄ երկրները, ինչպես դա ցույց է տվել Վիլնյուսի հանդիպումը, կողմ են Սիրիայի դեմ ներխուժման մեկնարկից առաջ ՄԱԿ ԱԽ-ում համապատասխան քննարկմանը»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սեպտեմբերի 6-7-ին Լիտվայի մայրաքաղաքում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով՝ ԵՄ արտգործնախարարները պահանջել էին «հստակ և ուժեղ» պատասխան տալ Դամասկոսի մոտ տեղի ունեցած քիմիական հարձակման մեղավորներին: Այնուհանդերձ, ԵՄ երկրները ԱՄՆ-ին կոչ էին արել սիրիական իշխանությունների դեմ ռազմական գործողություններ չսկսել՝ մինչ քիմիական զենքի կիրառման փաստերի մասին ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով մասնակցել էր ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, շնորհակալություն էր հայտնել ԵՄ նախարարներին Սիրիայի հարցով իրենց դիրքորոշման համար և նշել, որ աջակցության պատրաստ երկրների թիվը նույնիսկ ավելի մեծ է, քան անհրաժեշտ է ծրագրվող գործողություններն անցկացնելու համար:










































