Հայաստանի արտաքին պետական պարտքն աճում է դեռ 2006 թվականից: Մինչև այդ այն երբեմն նվազում էր կամ էլ աճում էր շատ դանդաղ տեմպերով: Արտաքին պետպարտքի թռիչքային աճը եղավ 2009թ.-ին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված: Հենց այդ տարի արտաքին պետական պարտքը գրեթե կրկնապատկվեց` 1 մլրդ 577 մլն դոլարից դառնալով 2 մլրդ 967 մլն դոլար: 2009թ.-ին ՀՆԱ աճը չհասցրեց արտաքին պետական պարտքի աճի հետևից, և արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 13.5 տոկոսից դարձավ միանգամից 34.3 տոկոս: Ի դեպ արտաքին պետական պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում մինչև այդ անընդհատ նվազում էր, սակայն այն 2012թ.-ին արդեն հասել է 37.6 տոկոսի: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2004թ-ից ի վեր:
Բացի ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի տեսակարար կշռի ավելացումից սպառնացող միտում է նաև արտաքին աղբյուրներից ներգրավվող լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշռի ավելացումը, ինչը նույնպես սկսվել է 2009թ.-ից: Արդեն 2012թ.-ի վերջին արտաքին պետական պարտքի կառուցվածքում 35.3 տոկոսը կազմել են լողացող տոկոսադրույքով վարկերը:
Իսկ լողացող տոկոսադրույքով վարկերի մասնաբաժնի աճը բերում է տոկոսադրույքի ռիսկի աճի, քանի որ այդ վարկերի տոկոսների հաշվարկման հիմքում ընկած են միջազգային շուկայում ձևավորվող Libor և Euribor տոկոսադրույքները, որոնց վարքագիծն էլ կախված է միջազգային ֆինանսական շուկայում առկա իրավիճակից և խիստ տատանողական է:











































