Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ճնշումը, որի հետևանքով Հայաստանը կայացրել է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:
Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի իշխանությանը հաջողվել է համոզել եվրոպացիներին, որ ինքը չէր ուզում, բայց ստիպված էր անմարդկային ճնշման պատճառով: Չի բացառվում, որ Բրյուսել տարել են նաև, ասենք, ֆոտոապացույցներ, թե ինչպես են Մոսկվայում կտտանքների ենթարկում Սերժ Սարգսյանին: Եթե Եվրոպան ասեր, թե լուսանկարում չի ճանաչում Սերժ Սարգսյանին, այսինքն` կտտվողը նա չէ, ապա Երևանը, բնականաբար, կասեր՝ եկեք մենք ձեզ ենթարկենք կտտանքների, տեսնենք դուք ձեզ լուսանկարում կճանաչեք, հո սրանք անձնագրի լուսանկարներ չեն: Թեև պաշտոնական Երևանը հայտարարում է, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել, ոչինչ չի թելադրել, հայ ժողովրդի ու Հայաստանի շահից բացի: Բայց, դե, հրապարակավ այլ բան չէին էլ ասի: Բնական է, որ պետք է հերքեն ճնշումները: Բնական է նաև, որ ճնշումների վրա պետք է հղում անեն եվրոպացիները:
Օրինակ` ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը Հայաստանի նախագահի ընտրության կեղծիքների մասին Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին ի պատասխան հայտնել էր, թե հավատում են Սերժ Սարգսյանին: Այլ կերպ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանին ասել էին՝ էլ այստեղ չգրես ու չզանգես: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը խոստացավ, ավելի շուտ սպառնաց, որ եթե ԵԺԿ-ն խոսքերը հետ չվերցնի և հետ չվերցնի Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը, «Ժառանգությունը» դուրս կգա ԵԺԿ-ից, որին անդամակցեց ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ միասին: ԵԺԿ-ն խոսքերը հետ չվերցրեց, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ից դուրս գալու փոխարեն տոմս գնեց ու մեկնեց Մոսկվա: Միգուցե ԵԺԿ-ից այդպես են դուրս գալիս, ով գիտե:
Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումներին հղում անելն ամենևին էլ ԵԺԿ-ի դյուրահավատության նշան չէ, որ Երևանը կարող էր այդքան շուտ և հեշտ համոզել: Ինչ խոսք, կասկած չկա, որ Ռուսաստանից եղել է մեծ ճնշում, բայց ԵԺԿ-ն այստեղ լուծում է այլ խնդիր: ԵԺԿ-ն արդարացնում է ինքզինքը, Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին հավատալը: Եթե ճնշումներին հղում չարվի, ապա ներկայիս իրավիճակում հարց կառաջանա, թե ինչի՞ հիման վրա էին եվրաչինովնիկները գրեթե անսահմանափակ քարտ-բլանշ տվել պաշտոնական Երևանին: Հետևաբար, ԵԺԿ-ի համար առավել նպատակահարմար է դիտվում ընդունել, որ Ռուսաստանը հաղթել է իրենց, քան խոստովանել, որ Սերժ Սարգսյանը խաբել է:
Թեև խաբվածն այստեղ, իհարկե, միայն Եվրոպան չէ, ու խաբողն էլ միայն Սերժ Սարգսյանը չէ: Խաբված է նաև Հայաստանի այն հասարակությունը, որն ի դեմս Եվրոպայի տեսնում է Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման գործում անկեղծ գործընկերոջ: Իսկ խաբող է նաև Եվրոպան, որն ամբողջապես զուտ քաղաքական նկատառումներից գործարքի գնալով պաշտոնական Երևանի հետ, որևէ փորձ չարեց երաշխիքներ ամրագրել ի դեմս հասարակության հետ հարաբերության խորացման: Երբ Եվրոպան աչք փակեց բացառապես պալատական գործարքների, ինտրիգների և կեղծիքների շրջանակում անցկացված Հայաստանի 2012-13 ընտրական փուլի վրա, հասարակությունն ինչ-որ տեղ նույնիսկ ներողամիտ գտնվեց Եվրոպայի հանդեպ` համարելով, որ գուցե դրա գինը լինի այն, որ Եվրոպան իշխանությանը տված այդ քարտ-բլանշով ամուր դիրքեր ձեռք բերի Հայաստանում և կարողանա ավարտին հասցնել Ասոցացման գործընթացը, ինչը Հայաստանի համար կարևոր ձեռքբերում և գործիք էր լինելու անգամ Սերժ Սարգսյանի նախագահության պարագայում: Սակայն Եվրոպան, համենայնդեպս այն ներկայացնող կառույցների մի զգալի մասը, չափից շատ էին տարվել իշխանությամբ` հասարակության ներողամտությունը նկատելու և գնահատելու համար: Այժմ մնում է ընդամենը ինքնարդարացում գտնել` ի դեմս Ռուսաստանի ճնշումների:
Միևնույն ժամանակ, իհարկե հարկավոր է խնդիրը դիտարկել նաև հակառակ կողմից` հնարավորինս ամբողջական պատկեր ստանալու համար: Եվրոպան կարող էր լինել առավել ագրեսիվ, շռայլ, նախաձեռնող` փորձելով ավելի աշխույժ և դինամիկ հակադրություն ձևավորել ռուսական ճնշումներին ի պատասխան: Բայց, պրակտիկ իրավիճակն ունի, իհարկե, մի շարք հանգամանքներ, որոնք Եվրոպայի այդ մարտավարությունը Հայաստանի համար կդարձնեին բավական վտանգավոր: Եվրոպան գիտե, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմ չէ: Եթե իշխանությունը լեգիտիմ չէ, ապա Եվրոպայի ավելի աշխույժ քաղաքականությունը Հայաստանում կբերեր իրավիճակի սրացման: Միևնույն է, ինչ-որ պահի ցանկացած իշխանության հարկ էր լինելու կարևոր որոշումներ կայացնել: Եվ եթե իշխանությունն այդ դեպքում լեգիտիմ չէ, ապա մեծ է հավանականությունը, որ նա կկայացնի հենց մորթապաշտ որոշումներ: Իսկ այդ առումով, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների որոշումների վրա ազդելու անհամեմատ մեծ լծակներ ունի հենց Ռուսաստանը: Արդյունքը, ավելի շուտ հետևանքը կլիներ այն, որ Եվրոպայի առավել ագրեսիվ քաղաքականությունը կսրեր վիճակը, բայց չէր փոխի վերջնարդյունքը, եթե իշխանությունը լեգիտիմ չէ: Իսկ լեգիտիմ իշխանության խնդիրը դա Հայաստանի հասարակության լուծելիք խնդիրն է, որին Եվրոպան, իհարկե, կարող է աջակցել, բայց կրկին կա Ռուսաստանի գործոնը:
Հետևաբար` որքան էլ բծավոր, բայց Եվրոպայի ու ընդհանրապես Արևմուտքի քաղաքականության պրակտիկ կողմն այդ առումով երևի թե այն է, ինչ հնարավոր է ներկայիս ժամանակաշրջանում և իրավիճակում: Բայց, այնուհանդերձ, ներկայիս իրավիճակից պետք է ոչ թե արդարացումներ, այլ դաս քաղել հետագայի համար, որ Հայաստանի հասարակության հետ արդարացումներով խոսելու փոխարեն, պետք է խոսել առավելագույնս անկեղծ ու բաց, և օգնության հնարավորությունների սահմանափակությամբ հանդերձ, շատ զգույշ լինել կամա, թե ակամա չխանգարելու հարցում:










































