Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին՝ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին մասնակցել են համաշխարհային մի շարք աստղեր՝ Շառլոտ Լե Բոն, Շեր, Ջեյմս Օլիվեր Կրոմվել, Սիլվեստր Ստալոնե, Սերժ Թանկյան, Օրլանդո Բլում, Քրիստիան Բեյլ, Քիմ և Քորթնի Քարդաշյաններ և այլք:
Ֆիլմի ցուցադրությունից հետո աշխարհահռչակ ամերիկացի դերասան, ռեժիսոր Ջեյմս Օլիվեր Կրոմվելը հայտարարել է՝ մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, քանի որ վերջինս «աննորմալ է»: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը:
«Մենք որպես Միացյալ Նահանգների նախագահ ընտրել ենք աննորմալ մարդու, և նա նշանակել է մարդկանց, որոնք, իմ կարծիքով, հոգեպես մեռած են երկիրը կառավարելու համար, այսպիսով ամերիկացիները կարող են նայել իրենց իշխանություններին և ասել, որ այն չի աշխատում»,- ասել է Կրոմվելը:
Կրոմվելի խոսքով՝ «մենք պետք է հետ վերցնենք դա»: «Դա կոչվում է՝ մենք մարդիկ ենք, ոչ թե 1%: Մենք արդյունաբերողներ չենք: Մենք ժողովուրդ ենք»,- հավելել է ռեժիսորը:
Կրոմվելի կարծիքով՝ ամերիկացիները պետք է դուրս գան փողոց՝ պահանջելով արդարադատություն, ինչպես նաև պիկետ կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ մինչև որ Ցեղասպանությունը ճանաչվի, իսկ փոխհատուցումները վճարվեն:











































