Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Զուրաբիշվիլին բողոքարկել է ԿԸՀ-ի որոշումը, որը չէր գրանցել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ երկքաղաքացիություն ունենալու պատճառով:
Զուրաբիշվիլին դատարանի որոշումն անվանել է քաղաքականացված և կարծում է, որ դատարանը սխալ է մեկնաբանում Սահմանադրությունը:
«Սահմանադրությունն արգելում է զբաղեցնել նախագահի պաշտոնը, այլ ոչ թե գրանցվել այդ պաշտոնի համար: Ընտրություններում հաղթելու դեպքում՝ մինչև երդմնակալությունը, ես կհրաժարվեմ Ֆրանսիայի քաղաքացիությունից»,- ընդգծել է նա:
Նա մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: