Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է խթանի համակարգային բարեփոխումները՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
Ինչպես հայտնում է Գերագույն ռադայի մամլո ծառայությունը, նման հայտարարությամբ Ռիբակը հանդես է եկել Լիտվայի սեյմի նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ Վիլնյուսում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ խոսնակը գտնվում է աշխատանքային այցով:
«Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան մեր քաղաքակիրթ ընտրությունն է, դա Ուկրաինայի զարգացման ծրագիրն է, և հենց ԵՄ-ի հետ ասոցացման վրա է երկրի ղեկավարությունը խաղադրույք կատարել»,- նրա խոսքերն է փոխանցում Interfax-ը:
Ռիբակը հավելել է, որ տարբեր մակարդակներում կա գիտակցումն առ այն, որ համաձայնագրի ստորագրման բարենպաստ պայմանների ստեղծման համար պահանջվում է համակարգային բարեփոխումների հետագա խթանում:
Խոսնակը նշել է, որ նկատի ունի այն ոլորտները, որոնք մշտապես գտնվում են ԵՄ տեսադաշտում. արդարադատության բարեփոխում, կայուն ընտրական համակարգի ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքար, բիզնես-միջավայրում իրավիճակի բարելավում:
Նա ընդգծել է այցագրային ռեժիմի ազատականացման կարևորությունն Ուկրաինայի համար, քանի որ դա իրենց պետության եվրաինտեգրման քաղաքականության առանցքային առաջնահերթություններից մեկն է, ինչպես և ազատ առևտրի գոտու ստեղծումը:
Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ուկրաինայի համար իրական նվաճում կդառնա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:








































