Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից պաշտոնապես միայն երկուսն են հայտարարություն արել Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ: Պաշտոնական արձագանք են տվել Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Այդ երկու ուժերի արձագանքը տարբեր է:
ՀԱԿ-ը դատապարտել է ստեղծված իրավիճակն ու հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անվստահություն է առաջացրել Հայաստանի հանդեպ և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, ինչը շտկելու ելքը նրա հրաժարականն է: ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին այդպես չի մեղադրել և հրաժարական չի պահանջել՝ տարօրինակ կլիներ պահանջել, եթե բառացիորեն մի քանի օր առաջ դեսպանի պաշտոններ է ստացել Սերժ Սարգսյանից: ՀՅԴ-ն նրան մի թեթև կշտամբել է կարևոր որոշումները միայնակ կայացնելու համար: Այդքանը:
Հատկանշական է այն, որ երկու կուսակցությունների հայտարարության մեջ էլ բացակայում է բուն Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հստակ դիրքորոշումը՝ պե՞տք է դա Հայաստանին որպես հեռանկար, թե՞ ոչ: Այդ դիրքորոշումից կուսակցությունները խուսափել են՝ քողարկվելով իրավիճակային գնահատականների տակ:
Առայժմ որևէ դիրքորոշում չեն հայտնել խորհրդարանի, այսպես կոչված, ոչ իշխանական ամենամեծ և ամենափոքր կուսակցությունները՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»: «Ժառանգությունը», սակայն, նախկինում մի քանի անգամ ունեցել է կոնկրետ արտահայտման օրինակներ և դեմ է հանդես եկել Մաքսային ու Եվրասիական միություններին անդամակցելուն:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունը ծավալել է լիովին հակառակ գործունեություն. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի կազմակերպության ղեկավար է, որը ստանձնել է Հայաստանում Եվրասիական միության քարոզչությանն ուղղված գործառույթներ: Խոսքը հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության մասին է, որն առաջնորդում է Գագիկ Ծառուկյանը:
Այսինքն՝ սա հուշում է, որ ԲՀԿ-ն չի կարող դեմ արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, չի կարող դատապարտել այն որոշումը, որի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Համենայնդեպս, դա այնքան էլ տրամաբանական չի լինի, առավել ևս, որ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարությունից մեկ օր անց Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց այդ միության անդամ երկրներից մեկի նախագահի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից՝ հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Միգուցե պատահական չէր կամ առնվազն խորհրդանշական էր, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարեց անդամակցության որոշման մասին, իսկ սեպտեմբերի 4-ին Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց: Թեև, իհարկե, հարկ կա նշելու, որ Ծառուկյանը Բելառուսի նախագահի հետ տարիներ շարունակ ունեցել է առանձնահատուկ հարաբերություններ և բազմաթիվ ներդրումներ է կատարել այդ երկրում, անգամ կոնյակի արտադրության ոլորտում:
Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցումը խորհրդարանական քաղաքական ուժերի շրջանակում չի արժանանա ուղղակի քննադատության և դատապարտման: Այսինքն՝ այդ ուժերը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ հանդես չեն գա անդամակցությունից հրաժարվելու պահանջով, այլ ընդամենը հասարակական բացասական տրամադրությունն ու գնահատականները կօգտագործեն Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Իսկ դա նշանակում է, որ չնայած հնչող քննադատություններին՝ նրանք միգուցե նույնիսկ գոհ կլինեն, որ այդ ծանր հարցում շագանակները կրակից դուրս եկան Սերժ Սարգսյանի ձեռքերով:










































