Եթե սիրիական հակամարտության անցնող փուլերում Սիրիայի հայ բնակչության համար շատ առումներով առաջնային էին կեցության և սննդի հարցերը, ապա ԱՄՆ հարձակման, դրանով պայմանավորված՝ կառավարական զորքերի և ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաև խաժամուժի լիակատար սանձազերծման հետևանքով, ամենայն հավանականությամբ, առաջին պլանում կհայտնվի սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սիրիահայերի զանգվածային տարհանումն է Հայաստան: Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան առջև այսօր այս մասին հայտարարեցին «Նախախորհրդարան» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանն ու Տիգրան Խզմալյանը:
Նրանց խոսքով՝ Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում, այնինչ պետք է նրանց տարհանել Հայաստան:
«Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ այս փուլում Հայաստանի ու արտերկրյա բոլոր առողջ հայկական ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին՝ նրա ձեռքի տակ եղած լծակներով սիրիահայության տարհանման և Հայաստան փոխադրելու խնդիրները լուծելու համար»,- հայտարարեցին նրանք՝ հավելելով, որ այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումն ու ՄԱԿ-ի աջակցությունը:
Նրանք ևս մեկ տարբերակ են առաջարկում՝ նրանց հնարավոր է բնակեցնել Արցախի ազատագրված տարածքներում:
«Նախախորհրդարանը» դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ և համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը հայրենիք:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:










































