Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո քննադատության թիրախում հայտնվեց մի սուբյեկտ, որն իրականում հասարակական-քաղաքական կյանքի օբյեկտ է, թեև, իհարկե, սուբյեկտը պետք է լիներ հենց այն: Խոսքը հասարակության մասին է:
Հասարակություն ասվածը բավական բազմազան, բազմաշերտ հասկացություն է: Կան սոցիալական տարբեր խմբեր, շերտեր, դասեր, տարբեր մտածողության և արժեհամակարգի տեր մարդիկ, տարբեր գաղափարի և տեսլականի կրողներ: Բայց, այդ ամենով հանդերձ, խորհրդարանի ընտրությունից հետո մի լուռ և բացահայտ մեղադրական ալիք գնաց հասարակության հասցեին` առանց շերտերի մեջ խորամուխ լինելու: Ընդ որում` հատկանշականն այն է, որ հասարակությանը մեղադրելու այդ ալիքի հեղինակը ընդդիմադիր քաղաքական ուժերն էին: Հասկանալի է, որ նրանք պետք է լինեին, քանի որ նրանք էին, այսպես ասած, հերթական անգամ պաշտոնապես տանուլ տվել ընտրությունը, և պետք է հերթական անգամ գտնվեր մի որևէ արդարացում: Այս անգամ այդպիսի արդարացման դերում հայտնվեց հասարակությունը:
Քաղաքական ընդդիմության գործիչներից և ակտիվիստներից շատերը, ոմանք մի տեսակ ներողամիտ տոնով, բայց բավական թափանցիկ մեղադրական ակնարկներով, մյուսները ուղղակի բացահայտ մեղադրում էին ընտրակաշառք վերցնողներին: Որևէ մեկը չգիտեր, թե ով է վերցրել, այսինքն` որքան մարդ է ընտրել ընտրակաշառքով, վերցնողներից քանիսն են իրենց ձայնը տվել տվող ուժին, քանիսն են մերժել ընտրակաշառքը: Բայց բոլորը միաբերան թիրախ էին դարձրել այդ երևույթի մասնակից ընտրողին, ու դա նաև համատարած հռչակելով` դարձրել սեփական պարտության արդարացումներից մեկը: Մինչդեռ, անգամ չունենալով հավաստի վիճակագրական պատկեր, թե քանի տոկոսն է քվեարկել ընտրակաշառքով, և ինչպես է քվեարկել, ընդդիմությունը և նրա համակիրները պետք է, թերևս, իրենք իրենց հարց տային՝ իսկ ինչո՞ւ հասարակությունը ընտրեց փողը, ընտրակաշառաքը: Իսկ արդյոք դա վերաբերմունք չէ՞ նաև հենց ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ, նրանց հավակնությունների, նրանց միջև մրցակցության, միմյանց հասցեին կենաց-մահու հայհոյանքների հանդեպ: Արդյոք դա վերաբերմունք չէ՞ այն բանի, որ ընդդիմադիր հիմնական ուժերից մեկը մեկ այս իշխանական թևի հետ է գործակցում, մեկ այն իշխանական թևի հետ, հետո մեղադրում այս կամ այն ընդդիմադիր ուժին իրեն խանգարելու համար: Արդյոք միմյանց սևացնելու և նաև իշխանության թելադրած խաղի մեջ հերթական անգամ մտնելու համար չէ՞, որ հատուցել են ընդդիմադիր կուսակցությունները, որոնց համեմատ, հասարակության մի որոշ մաս ընտրել է փողը:
Սակայն սա դեռ ամենափոքր ողբերգություններից մեկն է, որովհետև թերևս կա նաև հասարակության մի մաս, որը պարզապես հենց գնացել ու չի ընտրել ընդդիմությանը, կամ ընտրել է հենց այս կամ այն իշխանական ուժին: Մեր ընդդիմադիր կուսակցությունները կարող են փակել իրենց աչքն ու ականջը և համարել, թե երկրում ընդդիմությունն անվերապահ ձայն ունի, մինչդեռ երկրում ամեն օր և ամեն ժամ տեղի են ունենում լուրջ հոգեբանական փոփոխություններ հասարակության տարբեր շերտերի մոտ, տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ ինֆորմացիայի ոլորտում, հաղորդակցության ոլորտում, և այդ ամենը նոր միտումներ է ձևավորում հասարակական մտածողության դինամիկայում:
Արդյոք որևէ քաղաքական ուժ Հայաստանում տիրապետո՞ւմ է այս ամենին փորձագիտական բավարար մակարդակով: Արդյոք որևէ քաղաքական ուժ, բացի սեփական հանրահավաքների լսարանից և այն էլ` բացի վիզուալ պատկերից՝ մի հայացքով, դիտարկո՞ւմ է նաև այլ լսարաններ կամ այլ շերտեր, որոնք իրեն չեն լսում: Արդյոք որևէ ընդդիմադիր ուժ դիտարկո՞ւմ է, թե ինչու այս կամ այն շերտը իրեն չի լսում, չի լսել կամ էլ չի լսելու: Հայաստանի ընդդիմությունը, ընդդիմադիր համարվող ուժերն արդյոք պատրա՞ստ են ունենալ այդպիսի անկախ փորձագիտական կենտրոններ, որոնք անաչառ պատկեր կներկայացնեն տվյալ քաղաքական ուժին, կասեն նույնիսկ անցանկալին, որպեսզի տվյալ կուսակցությունը լիարժեք ճանաչի այն հասարակությանը, որի հետ պետք է աշխատի այս կամ այն մակարդակի ընտրությանը: Կա՞ արդյոք Հայաստանում այդ ամենի մասին մտածող քաղաքական ուժ, այդօրինակ ծառայության պահանջարկ ունեցող քաղաքական ուժ: Կա՞ արդյոք մի քաղաքական ուժ, որը կոմպետենտ է Հայաստանի հասարակությանը ճանաչելու հարցում, տիրապետում է հանրային տարբեր շերտերի ու խմբերի տրամադրություններին և փորձում խոսել նրանց բոլորի համար հասկանալի լեզուներով: Եթե լիներ այդպիսի քաղաքական ուժ, ապա իշխանությանն անկասկած շատ ավելի դժվար կլիներ հարց լուծել փողով, ահաբեկումներով կամ պարզապես չեղած անձանց քվեարկությամբ կամ կրկնաքվեարկությամբ:
Որևէ քաղաքական ուժ, թե ընդհանրապես, թե մասնավորապես, չի ցանկանում ճանաչել հասարակությանը հնարավորինս ամբողջական, և այդ իսկ պատճառով էլ հասարակությունն արդեն հրաժարվում է ճանաչել այդ քաղաքական ուժերին: Նրանք ճանաչում են միմյանց միայն յուրայիններով, ինչի հետևանքով առաջացել է մի վտանգավոր իրավիճակ, երբ թե՛ քաղաքական ուժն է դասական և նաև կոնկրետ գործնական իմաստով դադարում է լինել այդպիսին, թե՛ նրա համակիրներն են դասական և լիարժեք իմաստով դադարում են լինել հասարակություն: Պարզ է, որ այդպիսի պարարտ հողում արդյունավետ կարող է լինել առաջին հերթին, և թերևս միայն իշխող համակարգը, քանի որ հասարակություն հասկացությունը քաղաքական դաշտի որևէ սուբյեկտի մոտ իր ամբողջական ընկալվածությամբ վտանգավոր է հենց իշխանության համար:








































