«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը։
– Պարոն Նեդոլյան, նախընտրական շրջանում մեզ հետ զրույցում նշում էիք, որ քաղաքականությունը առաջարկ-պահանջարկ հարաբերակցություն է, սակայն այսօր առաջարկ չկա, բայց պահանջարկի տեսակետից էլ վիճակը վատ է: Ի՞նչ տվեցին առանց պահանջարկի ընտրությունները:
– Այնուամենայնիվ, գտնում եմ, որ դրանք հենց առաջին հերթին առանց առաջարկի ընտրություններն էին, հիշենք, օրինակ, ինչ քաղաքական իրադարձություն, գաղափար, հանրային շարժում էին առաջարկել կուսակցությունները նախընտրական մեկ տարում: Եղել է Ապրիլյան պատերազմ, եղել է «Սասնա ծռեր», իսկ այս ընտրություններում մասնակցած ուժերի կողմից՝ ի՞նչ: Կարծում եմ, որ ոչինչ, համենայնդեպս, նկատելի: Կարող եմ գրանցել մի փոքր հանրային ակտիվություն «Ելքի» կողմից, այն, օրինակ, որ առաջարկեց ֆեյսբուքահայությանը գրել իր առաջարկությունները ծրագրի բովանդակության վերաբերյալ, և որ առաջին տեղերը ցուցակում բաշխել է ընտրության սկզբունքով, և որ այդ ցուցակի մեջ ընկան հանրության համար ցանկալի նոր տիպի դեմքեր: Այդ ամենը քիչ էր իհարկե, բայց այնուամենայնիվ դրական, և տվեց իր փոքր ու դրական արդյունքը: Ցավոք, համակարգափոխության առաջարկներ «Ելքի» ծրագրում և քարոզարշավում տեղ չգտան, խոսքը գնում էր առկա սոցիալ-տնտեսական համակարգի ոչ շատ նշանակալի փոփոխության, մոդիֆիկացիայի մասին, որը հասարակության համար ելք չի հանդիսանա, առօրյա կյանքը չի փոխի:
– Կար բովանդակության բացակայություն, հանրությանը այդ բովանդակությունը հետաքրքրո՞ւմ է արդյոք:
– Ինչ վերաբերվում է հանրային առաջարկի՝ ապա այն, երևի թե, կրկին կա, որովհետև մարդիկ ապրում են ժամանակակից աշխարհի չափանիշների տեսակետից վատ, ու գիտեն դա: Եվ երևի մենք դեռ կտեսնենք առջևում, թե ինչպես են մարդիկ զանգվածաբար դուրս գալիս փողոց և իրենց բողոքը արտահայտում որևէ՝ գուցե շատ մասնավոր պատճառով: Հարցը այդ բողոքն ու այդ պահանջը ձևակերպելն է, բայց դա առաջին հերթին հենց քաղաքական կառույցների խնդիրն է: Եթե չի արվում՝ պատասխանատվությունը ժողովրդի վրա չի, որը միշտ էլ աչքի է ընկնում ընդդիմադիր, ընդվզողական կեցվածքով: Պարզապես նա սպասում է փոփոխության, համակարգափոխության լուրջ առաջարկի, որը և չի ստանում ընդդիմադիր քաղաքական ուժերից: Տաս հազարով քվեարկելը այս դեպքում հավասար է պարզապես չքվեարկելուն, կեղծ քվեարկելուն, ոնց որ ժողովուրդը իշխանությանը ասի՝ դու գիտես, որ ես քեզ չեմ սիրում ու չեմ ընտրում, դրա համար տալիս ես տաս հազար ու ընկնում դռնեդուռ: Քանի որ այլ, լուրջ առաջարկ դեռևս չունեմ՝ տուր տաս հազարդ, ու ձևանանք, որ ես քեզ ընտրեցի, բայց երկուսս էլ գիտենք, որ դա սուտ ընտրություն է, ես քեզ չեմ ընտրել, դու դարձյալ լեգիտիմ չես:
– Ի՞նչ տեսակի ԱԺ կունենանք։ Նախորդ խորհրդարանը աչքի ընկավ ԵՏՄ փաստաթղթի ստորագրմամբ։ Արտաքին կողմնորոշումների առումով արդյո՞ք պատկերն այլ կլինի։
– Ինչ վերաբերում է ԱԺ հետագա աշխատանքների բովանդակությանը, իհարկե, դժվար է ասել, բայց նկատենք, որ, օրինակ, պրոֆեսիոնալ բանակի պահանջը կամաց-կամաց դառնում է կոնսենսուսային հասարակության կողմից, գուցե ինչ-որ շարժ լինի, ԵՏՄ-ն սահմանափակելու և ԵՄ-ն, ընդհակառակը, ուժեղացնելու միտումը կարծես թե նույնպես կա, գուցե այս երկու հանրային պահանջները ինչ-որ տեղ և գտնեն ԱԺ ապագա գործունեությունում, իսկ գուցե տեղի ունենա հակառակը կամ անսպասելին։ Մենք վերստին չգիտենք, թե ինչպես են որոշումները առաջանում ու հասունանում իշխանական հանրության համար փակ բուրգում:
– Տեսակետ կա, որ տեղի է ունեցել ընդդիմափոխություն: Ի՞նչ կարող է տալ այդ փոփոխությունը:
– Ընդդիմափոխությունը, կամ կազմակերպված ընդդիմության վախճանը ստեղծում են դատարկ տեղ, որտեղ տեսականորեն կարող է առաջանալ նոր ընդդիմություն: Իբրև սահմանափակ հաջող, էլի կարող ենք դիտարկել միայն «Ելքի», ավելի ճիշտ՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքը, որտեղ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, ինչ-որ չափով ներքին կյանք և հետաքրքրություն դեպի հասարակությունը, դեպի ընտրողը առկա էին: Կշարունակվի այդ ներքին կյանքը նույն հունով, թե կմարի՝ կտեսնենք, կհետևենք: Բայց փաստ է, որ դա է ներառական քաղաքականության սկզբունքը, երբ մարդը, մտնելով կուսակցություն, ինքը ունի հնարավորություն զարգացնել այդ կուսակցության էությունն ու մոտեցումները, այլ ոչ թե ենթարկվի կուսակցապետի աշխարհայացքին՝ խոստանում քաղաքական հաջողություն: Բայց իհարկե, չհաշված «Ելքի», կրկնենք, դերևս շատ սահմանափակ է հաջողությունը, դաշտը իրոք որ դատարկ է:
– Եվ վերջապես, ի՞նչ անել ստեղծված իրավիճակում:
– Եվ վերջապես ինչ անել հարցին պատասխանը իմ համար հետևյալն է՝ զարգացնել համակարգափոխական, այլ որ միայն և ոչ այնքան իշխանափոխական գաղափարները: Մեր պետականակենտրոն, իշխանակենտրոն հանրության կառուցվածքը, տնտեսության ու սոցիալական հարաբերությունների, մշակույթի ու կրթության, անվտանգության՝ մի խոսքով, ամեն ինչի վերադասակենտրոն համակարգը պետք է փոխարինել քաղաքացիակենտրոնով, միայն դա կապահովի մեր համար զարգացում: Պետք է կուտակվի մտածող և քաղաքականապես ակտիվ մարդկանց մի կրիտիկական զանգված, ովքեր դա հասկացել են ու կարողանում են ստեղծագործել այն եղանակով, այդ դեպքում իրենք կկարողանան հանրության հետ գտնել խորքային ու լուրջ, այլ ոչ թե մակերեսային-պոպուլիստական հարաբերություն:
– Այս դատարկությունը կարո՞ղ է արդյոք ֆորս մաժորային իրավիաճակի հանգեցնել:
– Բնավ, դատարկությունը նշանակում է, որ ամեն ինչ կախված է կեղծ հիմքերի վրա, չի հենվում որևէ ճշմարտության ամուր հենարանի: Եվ շատ հեշտ է այդ իրավիճակում փոխարինել մեկ պատահական ու կեղծը մի այլ պատահական ու կեղծի, պոպուլիստականի հետ, վայրկենապես գայթակղվել ու հայտնվել էլ ավելի վատ իրավիճակում:








































