Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը ողջունել է ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի ազատ արձակումը.
«Ես ողջունում եմ ադրբեջանցի լրագրող և խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի բանտից ազատ արձակումը։ Դա Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված կարևոր քայլ է, որին նրանք գնացին նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ֆաթուլաևի օգտին կայացրած որոշումից հետո։
Ես ադրբեջանական իշխանություններին կոչ եմ անում շարունակել ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրագրման ուղղությամբ տարվող ջանքերը, ինչպես նաև պահպանել ժողովրդավարության ու մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտականությունները»։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվի դատարանը քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետով (ահաբեկչական սպառնալիք), 213-րդ հոդվածի 2-րդ կետով (հարկերից խուսափում) և 283-րդ հոդվածի 2-րդ կետով (ազգամիջյան թշնամանքի հրահրում) «Ռեալ Ադրբեջան» և «Ամենօրյա Ադրբեջան» անկախ թերթերի հիմնադիր Ֆաթուլաևին դատապարտեց 8.5 տարվա ազատազրկման:
Ի դեպ, Ֆաթուլաևի գործը բաղկացած էր 19 հատորից, որից 17-ը վերաբերում էր հարկերից խուսափելուն: Միջազգային հանրությունն անհեթեթություն է անվանել Ֆաթուլաևին ներկայացված այդ մեղադրանքները:
Ի դեպ, Ֆաթուլաևը «Ռեալ Ադրբեջանի» համարներից մեկում նշել էր, որ Իրանին հարված հասցնելու հարցում Բաքվի կողմից ԱՄՆ-ին աջակցելը խոցելի է դարձնում Ադրբեջանը և կարող է հանգեցնել Իրանի կողմից Ադրբեջանին ռազմական հարված հասցնելուն: Ֆաթուլաևը նշել էր նաև իրանական հավանական հարվածների ադրբեջանական թիրախները:









































