37-ամյա բրիտանացի Դենիել Քլավինը զկռտոցից տառապում է գրեթե 14 ամիս: Տղամարդու տառապանքները սկսվել են անցած տարվա հունիսից և շարունակվում են մինչ օրս:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երեկոյան տղամարդը չարաշահել է ոգելից խմիչքը, իսկ առավոտյան ալկոհոլի վատ ազդեցությանն ավելացել է նաև զկռտոցը, որը կրկնվում է ամեն յոթ վայրկյանը մեկ:
Դենիելը հաճախ գիշերներն արթնանում է և մի քանի ժամ շարունակ չի կարողանում քնել: Նա շատ բժիշկների մոտ է եղել, տարբեր բուժզննումներ է անցել, սակայն ապարդյուն: Ներկա պահին տղամարդը պատրաստվում է МРТ անցնել՝ վախենալով, որ զկռտոցը կարող է բժշկական լուրջ խնդրի ախտանիշ լինել, տեղեկացնում է Mail Online-ը:
Երբեմն զկռտոցն ամբողջովին անցնում է, սակայն ամենավատ օրերին տղամարդը չի կարողանում նույնիսկ ուտել, անգամ կես րոպեով շնչարգելություն է ունենում:
Դենիելի խոսքերով՝ ինքն ընդունել է հնարավոր բոլոր բժշկական և ժողովրդական միջոցները, սակայն նրան ոչինչ չի օգնել:
Զկռտոցից հոգնած Դենիելը հուսով է, որ գոնե МРТ-ից հետո բժիշկները կկարողանան ախտորոշել իր հիվանդությունը:













































