Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ ակցիա անցկացնողները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորեցին «ա-մոթ, ա-մոթ», «Սեր-ժիկ հեռա-ցիր» վանկարկումներով: ՀՀԿ ԳՄ հերթական նիստի օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից օրեր անց ՀՀԿ շենքի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոցի վրա, դեպի ՀՀԿ շենք շարժվող՝ Սերժ Սարգսյանին ուղեկցող մեքենաներին ակցիա անցկացնող երիտասարդ ակտիվիստները դիմավորեցին սուլոցներով, «Ամոթ, չեբուրաշկա», «Սերժիկ հեռացիր», «Չեբուրաշկա» վանկարկումներով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շենք եկավ ոչ Մելիք-Ադամյան փողոցով, ինչպես միշտ էր անում: Այսօր նրան ՀՀԿ շենք բերեցին հակառակ կողմից: Ըստ էության, ՀՀ նախագահին զերծ պահեցին վանկարկումներին, բողոքի ակցիային ականատես դառնալու ոչ հաճելի հեռանկարից:
Այս պահին Մելիք-Ադամյան փողոցում հավաքված ակտիվիստները շարունակում են իրենց ակցիան ընդդեմ ՄՄ-ին անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշմանը: Նշենք նաև, որ ակտիվիստները ոստիկանության կողմից բաժանվել են Մելիք-Ադամյան փողոցի երկու կողմերում, որպեսզի ինչպես Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց՝ «չխոչընդոտեն երթևեկությանը»:








































