Երևանի պետական համալսարանում ուսման վարձերի վճարման վերջնաժամկետից` սեպտեմբերի 6-ից հետո կկատարվեն ընդհանուր հաշվարկներ` պարզելու համար 3414 առաջինկուրսեցիներից քանիսն են ուսման վարձը վճարել: «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախորդ տարիների հետ ուսման վարձը վճարողների թվի և ակտիվության տարբերություն չկա:
«Պատկերը նույնն է, նորմալ վճարում են, սակայն կոնկրետ թվեր չեմ կարող ասել: Դրա մասին կարող ենք խոսել տվյալներն ուսումնասիրելուց հետո, հիմա դեռ վաղ է, հաշվարկներ չեն կատարվել»,- ասաց նա: Այդուհանդերձ` ԵՊՀ որոշումն անփոփոխ է. մինչև ուսման վարձը չվճարեն, առաջինկուրսեցիները չեն հրամանագրվի, պայմանագրեր չեն կնքվի: Գրիգորյանի խոսքով` վերջնաժամկետի ավարտից հետո իրենք պիտի տեսնեն` քանիսն են վճարել, քանիսը` ոչ, ինչ պատճառներով չեն վճարել` սոցիալական խնդիրների, թե բարերարների, հիմնադրամների կողմից գումարի են սպասում: «Երբ հասկանանք՝ ինչում է խնդիրը, բնականաբար՝ կաջակցենք մեր ուսանողներին»,- ասաց նա:
Գրիգորյանը, սակայն, նշեց, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսանողին հնարավորություն չի տրվի ուսման վարձը մաս-մաս վճարել: Կարգն այդպես է` առաջին կուրսի առաջին կիսամյակի վարձն ամբողջությամբ են վճարում, երկրորդ կիսամյակից արդեն հնարավոր է ուսման վարձի վճարման մեխանիզմը վերանայվի: Հարցի շուրջ հստակեցումները Մայր բուհը կանի հաջորդ շաբաթ` երբ արդեն կունենան ամփոփ տվյալներ ուսման վարձը վճարած և չվճարած ուսանողների մասին:









































