«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է ընդունել՝ ո՛չ ժողովուրդն է տեղյակ եղել, ո՛չ էլ նույնիսկ Արտաքին գործերի նախարարությունը․ այսինքն՝ Սերժ Սարգսյանին թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը՝ դա Հանրապետական կուսակցությունն է, ինչ ասի, ինչպես ասի՝ այդպես էլ կշարժվի ժողովուրդը, որը սխալ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՝ անդրադառնալով Մոսկվայում արված Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ նման տեսակետ հայտնեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Մեր հարցին՝ սխալ է միանձնյա որոշում կայացնե՞լը, թե՞ Մաքսային միությանն անդամագրվելը, ի պատասխան Ավետիսյանն ասաց․ «Սխալ է միանձնյա որոշում կայացնելը, դրանից էլ բխում է մյուս հարցը: Ոչ մեկը ծանոթ չէ այդ ծրագրին, Հայաստանի քաղաքացիները, կուսակցությունները ծանոթ չեն, քննարկում չի եղել դրա շուրջ, ի՞նչ իրավունք վերապահեց Սերժ Սարգսյանն իրեն գնալ ու նման հայտարարություն արեց, վաղն էլ գնալու է Եվրոպական միության ներկայացուցիչների մո՞տ նման հայտարարություն անի»:
Հարցին՝ համամի՞տ է այն դիտարկումների և մեկնաբանությունների հետ, որ սա արվել է Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ոչ ոք չի կարող ասել, յուրաքանչյուր ոք, ով դրա մասին հայտարարություն կանի՝ կանի այն գուշակելով:
Եթե չեմ սխալվում՝ Դաշնակցությունն էր հայտարարել, որ Ղարաբաղի անվտանգության համար է արվել: Ըստ իս՝ սա ընդամենը գուշակություն է, և միայն Սերժ Սարգսյանը գիտի, թե ինչու է նման բան հայտարարել»: Իսկ համաձա՞յն է, որ այս որոշմամբ Հայաստանը կորցնում է իր անկախությունը, այսինքն՝ այսուհետ կախված է լինում Ռուսաստանից, Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց․ «Իհարկե, Հայաստանը կորցնում է իր անկախությունը. եթե Հայաստանը հավասարը հավասարի հետ չի նստում քննարկու, այլ որոշում է ընդունում պարտադրվելով, ուրեմն էլ ի՞նչ անկախություն»:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց բարձրացրած հարցերը մնում են օրակարգում, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հատուկ անդրադարձ կարվի այսօրվա հանրահավաքի ընթացքում»։
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































