ՄՄ-ին միանալու որոշումը լրջագույն հարված էր ՀՀ պետականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, լրջագույն հարված էր ՀՀ հեղինակությանը, ՀՀ արժանապատվությանը, ՀՀ միջազգային վարկին և ՀՀ անկախ պետականությանը, հարված, որպիսին չէր եղել երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ սա գույների խտացում չէ: Նա հիշեցրեց սրանից դեռևս երկու շաբաթ առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի՝ եվրոպական կայքերից մեկին տված հարցազրույցը, որում նա ասել էր, որ ՄՄ-ին միանալը ՀՀ-ի համար ինքնիշխանության կորուստ է: Ըստ Ռ. Մեհրաբյանի՝ շատ դժվար է նրա հետ չհամաձայնել:
«Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, անսպասելի էր: Վստահ եմ, որ տեղի է ունեցել աննախադեպ ճնշում ՀՀ-ի նկատմամբ, որի մասին խոսեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, և դրա հետ չհամաձայնել հնարավոր չէ՝ չնայած ներկայումս ՀՀ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե ճնշումներ չեն եղել, բայց նրանք այդ որոշման մասին սեպտեմբերի 3-ին բարձրաձայնելուց հետո պետք է ասեին, որ ճնշում չի եղել: Իսկ որ եղել են ճնշումներ՝ դրա մասին վկայում է այն, որ ՌԴ-ն նույնպիսի ճնշումներ կիրառում է թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի, և թե ընդհանրապես իր ցանկացած հարևանի նկատմամբ, ում վրա կարողանում է: Իսկ որ կոնկրետ Հայաստանի նկատմամբ էլ կար ճնշում՝ այդ մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիվանագետ ոմն Վասիլև, որը սպառնաց Հայաստանին, թե ՀՀ-ին սպասվելու են լուրջ փորձություններ և թեժ աշուն:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն այդ դիվանագետին պարզապես 48 ժամվա ընթացքում պետք է դուրս շպրտեր ՀՀ-ի սահմաններից: Հիմա էլ, կարծում եմ, ուշ չէ»,- նման տեսակետ հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը:
Վերջինս նշեց, որ ճնշումներին նպաստեցին պատճառների մի ամբողջ համալիր: Ըստ նրա՝ փաստ է, որ ՀՀ իշխանությունը չունի հանրային աջակցություն, և որովհետև ունի լեգիտիմության լրջագույն խնդիր, այդ իսկ պատճառով նա իրեն հաշվետու չի զգում հասարակության առաջ, ինչն էլ բերում է ներքին թուլության. ՀՀ իշխանությունը ներսում շատ թույլ է:
«Այս չորս տարվա ընթացքում, երբ բանակցում էին այս փաստաթղթի շուրջ, պարզապես տեղի ունեցավ ժամանակի և ռեսուրսների մսխում: Ոչ մի քայլ չարվեց, որպեսզի թույլության բերող այդ բացերը չեզոքանան: Իշխանության մեջ չկա ընդգծված բարեփոխիչ թիմ, որը հասարակության հետ խոսի հստակ, պարզ լեզվով: Դրան գումարվում է ընդդիմության թուլության ցավը: Բացի այդ, այս ամենի նկատմամբ առկա է նաև հասարակական անտարբերությունը, հասարակության պետքը չէ, նոր է սկսել հետաքրքրվել, երբ կանգնել է փաստի առաջ:
Ռուսաստանի շանտաժն աշխատեց, քանի որ Արևելյան գործընկերության այս ամբողջ ռազմավարությունն իր մեջ չի պարունակում անվտանգության բաղադրիչ, և ՀՀ-ն լրջագույն մարտահրավերներ ունենալով՝ Հայաստանի թույլ կետն էր, ինչի վրա և սեղմեց ՌԴ-ն»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը:









































