Երևանի քաղաքապետարանը երեկ պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները, և թե ըստ գործող պայմանագրի՝ գումարի որ մասն է մուտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը՝ ծառայություններ մատուցող «Փարկինգ սիթի սերվիսին»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացրել են, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման, սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների մատուցման դիմաց վճարվող պայմանագրային գինը չի կարող լինել փաստացի հավաքագրված տուրքի և գանձված վարչական տուգանքի հանրագումարի ոչ ավելի քան 70 տոկոսը, ներառյալ՝ ավտոկայանատեղի կազմակերպչի բոլոր ծախսերը: Եվ ահա, «Փարկինգ սիթին» այս որոշումը հաշվի առնելով, ներկայացրել է հենց նման գնային առաշարկ, ըստ որի՝ ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավաքագրված տուրքի և գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը: Այսինքն, քաղաքացիների վճարած տուրքերի և տուգանքների 70 տոկոսն անցնելու է մասնավորին և միայն 30 տոկոսը՝ համայնքային բյուջե: 70 տոկոսից 16 տոկոս հարկեր են վճարվելու:
«Փարկինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ն գաղտնի է պահում տարվա մեջ ակնկալվող եկամուտների չափը: Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանին թերթի թղթակիցը հարցրել է, թե որքան տարեկան մուտք են ակնկալում վճարովի ավտոկանգառներից:
Տնօրենը պատասխանել է, թե դա գաղտնի պահվող տեղեկություն է, և որ իրենք նպատակահարմար չեն գտնում հրապարակել տարեկան մուտքերի չափը:







































