Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Ձգողականություն» ֆիլմը համարել է տիեզերքի մասին լավագույն ֆիլմը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, հաղորդում է The Variety-ն:
Քեմերոնն ասել է, որ արդեն վաղուց էր սպասում այդ ֆիլմի` էկրան դուրս գալուն: Նրա խոսքերով՝ ժամանակին կարդալով սցենարը՝ ինքը զարմացել է, թե ինչ ամբիցիոզ և աշխատատար խնդիր է իր առջև դրել ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնը:
Արդեն պատրաստի ֆիլմը դիտելով՝ Քեմերոնը հիացել է, թե որքան ճշգրտորեն է Քուարոնին հաջողվել իրականացնել իր մտադրությունը՝ նկարահանել ֆիլմ, որտեղ գործողությունները տեղի են ունենում, այսպես ասած, անկշռելիության մեջ:
Բացի այդ, Քեմերոնն ընդգծել է գլխավոր դերակատար Սանդրա Բալլոքի դերասանական վարպետությունը: Նրա խոսքերով՝ այդքան վարպետորեն իրականացնել ռեժիսորի մտահղացումն ամեն դերասանուհի չէր կարող:
Նշենք, որ «Ձգողականություն» ֆիլմի համաշխարհային շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին՝ Վենետիկի կինոփառատոնում։









































