Amazon ընկերությունը ներկայացրել է ներկառուցված լուսավորությամբ Kindle Paperwhite էլեկտրոնային ընթերցիչի թարմացված տարբերակը: Kindle Paperwhite-ն առաջին անգամ ներկայացվել է 2012-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով մամլո հաղորդագրությանը:
Նոր սարքի էկրանն ավելի կոնտրաստային է, պրոցեսորը՝ ավելի հզոր, ինչի շնորհիվ գրքի էջերը թերթվում են ավելի արագ: Amazon-ը կատարելագործել է նաև լուսավորությունը. ներկայում ընթերցիչը լուսավորվում է ավելի համաչափ՝ հայտնել է ընկերությունը:
Ծրագրային նորույթների շարքում են Page Flip գործառույթը, որը թույլ է տալիս տեսնել գրքի ցանկացած հատվածը՝ չկորցնելով ընթացիկ էջը, Vocabulary Builder գործիքը՝ նոր բառեր սովորելու համար, FreeTime գործառույթը՝ նախատեսված երեխային կարդալ սովորեցնելու համար:
Նոր Paperwhite-ն աջակցում է Goodreads ծառայության հետ աշխատանքին: Goodreads-ն իրենից ներկայացնում է գիրք սիրողների համացանցային հասարակություն:
Նոր սարքի արտաքինը գրեթե չի տարբերվում առաջին Paperwhite-ից, կրկին ունի 6 դյույմանոց սենսորային էկրան, որը պատրաստված է E-Ink տեխնոլոգիայով: Կթողարկվեն սարքի երկու՝ Wi-Fi և Wi-Fi 3G տարբերակներ:
Սարքի նախնական պատվերներն ընդունվում են այսօրվանից: Արժեքը տատանվում է 120-190 դոլարի սահմաններում:










































