Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր պաշտոնը կլքի նախատեսվածից շուտ, եթե նախագահական ընտրություններում չհաղթի «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Վարչապետի վերլուծության համաձայն՝ Մարգվելաշվիլին առանց այլընտրանքի և պարտադիր կերպով կհաղթի ընտրություններում:
«Ես այլ ծրագրեր չունեմ, եթե Մարգվելաշվիլին չհաղթի: Այդ դեպքում, կարծում եմ, իմ ուղիները բաց կլինեն, ես ավելի շուտ կլքեմ վարչապետի պաշտոնը և, իհարկե, ստիպված կլինեմ հրաժարվել այն պարտականություններից, որոնք ստանձնել եմ…»,- ասել է Իվանիշվիլին:
Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ Մարգվելաշվիլին իրական մրցակից չունի, և նա կհաղթի առաջին իսկ փուլում:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ կառավարական ռեսուրսները չեն օգտագործվի ոչ մի դեպքում, մենք հետևում ենք դրան և Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պետք է կարողանանք հասնել դրան»,- հայտարարել է Իվանիշվիլին:








































