Բեռլինի միջազգային նոր օդանավակայանում կա ավելի քան 66 հազար չլուծված խնդիր՝ հաղորդում է The Local-ը:
«Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանի տեխնիկական ղեկավար Հորսթ Ամանը այս թիվը նշել է բազմամիլիարդանոց նախագծի խնդիրներին նվիրված զեկույցում: Այդ խնդիրներից ավելի քան 30 հազարը հնարավոր է վերացնել օդանավակայանի բացումից հետո, իսկ 6000-ը «կրիտիկական են»:
Ամենալուրջ խնդիրները կապված են հրդեհային ազդանշանի համակարգի հետ, ինչի պատճառով 2012թ. հունիսին հետաձգվել է օդանավակայանի բացումը: Խնդիրներ են գրանցվել նաև մալուխային համակարգերի, տարհանման ծրագրերի հետ:
«Բեռլին Բրանդենբուրգի» բացումը նախատեսվում էր 2011թ. նոյեմբերին, դրանից հետո ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է: Այժմ մասնագետները կարծում են, որ օդանավակայանը ինքնաթիռներ կարող է ընդունել 2014թ.: Համալիրը վերջնականապես կբացվի մինչև 2015թ. սկիզբ:
Նախագծի նախնական արժեքը կազմել է 1.2 միլիարդ եվրո, ներկայում ծախսերը գնահատվում են 5 միլիարդ եվրո:










































