ՀՅԴ-ի ներկայացրած` կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ նախաձեռնության` ԱԺ-ի կողմից չընդունվելու հանգամանքին այսօր անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, որը նշեց, թե քվեարկության նման արդյունքը ցույց է տալիս այդ նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքը. «Եթե չեն քվեարկել, ուրեմն դեմ են: Չքվեարկելը ևս դիրքորոշում արտահայտելու ձև է»:
ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանն էլ նկատեց, որ նման քայլով Դաշնակցությունն ուզում է ընտրությունների գնալ էլ ավելի արմատական ընդդիմության դիրքերից. «Դրա լավագույն արտահայտման ձևը կոալիցիոն կառավարությանը հրաժարականի պահանջ ներկայացնելն է: Աշխարհում այդպիսի պրակտիկա կա»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ այս նախաձեռնությունն ԱԺ-ում ստացել է 10 կողմ և 13 դեմ ձայն և ֆորմալ առումով տապալվել է:
Արամ Կարապետյանն էլ խոսեց հայաստանյան քաղաքական դաշտում երրորդ ուժի ձևավորման հավանականության մասին և նկատեց, որ դաշտը բավական պարարտ է, քանզի երկրում առկա խնդիրները լուծված չեն, ուստի դաշինքների և ուժերի ձևավորման հավանականությունը մեծ է. «Հայաստանում քաղաքական ուժերը իրար հետ մերձենում կամ իրարից անջատվում են, երբ տեղի են ունենում ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ կոալիցիոն կուսակցությունների շրջանում էլ ընտրություններին առանձին գնալու միտում կա»:
Տեսանյութ