Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ քաղաքական համագոյակցության պայմաններում երկրի համար կարևոր հարցերի շուրջ հաջողվել է հասնել փոխհամագործակցության: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին վարչապետը հայտարարել է վրացի դիվանագետների հետ հանդիպմանը:
«Անհրաժեշտ է նշել, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո մենք աշխատում ենք քաղաքական համագոյակցության ռեժիմում, ինչի փորձը Վրաստանը մինչև հիմա չի ունեցել»,- նշել է Իվանիշվիլին և հավելել, որ չնայած այդ հանգամանքին՝ երկրի համար կարևոր հարցերում կայացել է համագործակցություն:
Նրա խոսքերով՝ ժողովրդավարության ճանապարհին ձեռք բերված հաջողությունները հույս են տալիս, որ Վրաստանի համար եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղին ավելի շատ կբացվի: Իվանիշվիլին մեկ անգամ ևս ընդգծել է, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումն անկյունաքար է Վրաստանի համար:
«Մենք բոլորս՝ ժողովուրդը և իշխանությունը, հիանալի գիտակցում ենք, որ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը միակ ուղին է, որը մեզ հնարավորություն կընձեռի ձևավորել իսկական ժողովրդավարություն: Միայն դա կամրապնդի ազգային անվտանգությունը և ժողովրդավարական զարգացումը: Այս տեսանկյունից Վրաստանի համար շատ կարևոր կլինի Վիլնյուսի գագաթնաժողովը»,- ասել է Իվանիշվիլին: