Վերջերս ԳԱԱ-ի ու Բյուրականի աստղադիտարանի և «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության, ՈԴ Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և «Պրոյեկտ-տեխնիկա» կազմակերպության միջև ստորագրված մարդածին և բնական աղետների դեմ պայքարի բնագավառում համագործակցության համաձայնագրի նպատակների ու դրանից բխող աշխատանքների վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը զրուցել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ, ով իր խոսքում ասել է. «Մարդածին աղետներից նկատի են առնված տիեզերական աղբի հետ առաջիկայում տիեզերանավերի հնարավոր բախումները, իսկ բնական աղետների առումով խոսքը Երկրին գիսավորների և խոշոր երկնաքարերի բախման հնարավորության ուսումնասիրման մասին է: Երկու խնդիրներն էլ Բյուրականի աստղադիտարանի համար գիտական տեսակետից առաջնային չեն, սակայն զուտ գործնական՝ տիեզերական թռիչքների և մարդկության անվտանգության տեսանկյունից շատ կարևոր են:
Նոր աստղադիտակների ձեռքբերման և Բյուրականի աստղադիտարանում եղածների նորոգման, արդիականացման կամ վերազինման մասին թերթի հարցին աստղադիտարանի տնօրենը պատասխանել է. «Այժմ հայտարարված տենդերը վերաբերում է նոր աստղադիտակներ ձեռք բերելուն և Բյուրականի աստղադիտարանում տեղադրելուն: Դրանք երեքն են լինելու՝ 40, 30 կամ 35 և 25 սանտիմետրանոց, որոնցից վերջինը իրար միացված 2 դիտակից բաղկացած համակարգ է: Երեք աստղադիտակի ընդհանուր արժեքը, կարծում եմ, մինչև 100,000 ԱՄՆ դոլարի սահմանում կլինի: Ինչ վերաբերում է Մեծ աստղադիտակին, ապա պետք է արդիականացվի նրա կառավարման համակարդը: Կան նաև խնդիրներ՝ կապված մեծ հայելու մակերևույթի նորացման (վակուումում շատ բարակ շերտով ալյումինապատման) հետ:
Այդ շերտը մի քանի տարին մեկ պետք է նորացվի, սակայն անհրաժեշտ աշխատանքներ 1985 թվականից հետո չեն կատարվել: Հայաստանում կա հենց այդ նպատակով ստեղծված վակուումային սարք, որը, սակայն, դեռ չենք կարողացել նշված նպատակով շահագործման հանձնել: Համաձայնագրով նախատեսվում է նաև այդ հարցը լուծել, այսինքն՝ տարածաշրջանի խոշորագույն վակոտւմային սարքը Բյուրականի աստղադիտարանի համար կսկսի աշխատել՝ վակուումի պայմաններում գոլորշիացնելով և հայելու մակերեսին «նստեցնելով» ալյումինի ատոմներ: Երկու աստղադիտակի հետ կապված հիշյալ աշխատանքների իրականացումը կարող է արժենալ միջինը 3-4 մլն. դոլար»,- նշել է Հայկ Հարությունյանը։









































