91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ երեկ ԱԺ-ն ընդունեց Անկախության 20-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը: Ինչի արդյունքում ազատ կարձակվեն մոտ 396 ազատազրկվածներ: Համաներումը կտարածվի նաև 374 դատապարտվածի վրա:
Այնինչ, ինչպես երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, համաներման ակտը կտարածվի մոտ 1775 ազատազրկվածների վրա: Պատճառն այն է, որ համաներումից բացի, կիրառության մեջ է դրվել նաև կրկնակիրառության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքերով, երբ քննարկում էին կրկնակիրառության մասին օրենքը, ժամկետ նշված չէր, թե երբ պետք է փոփոխված օրենքը ուժի մեջ մտնի: Սակայն համաներման ակտը քվեարկության դնելուց առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կրկնակիրառության մասին օրենքի փոփոխությունը ներառեն համաներման ակտի մեջ: «Արդեն համաներման ակտի 18-րդ կետում նշված է, որ սկզբում պետք է կիրառվեն մեղմացնող կամ պատժից ազատող օրենքները, նոր միայն թեթևացնելով տվյալ անձանց վիճակը, կկիրառվի համաներում: Այսինքն` սկզբում դուրս կգան կրկնակիրառությամբ, այնուհետև համաներմամբ: Հետևաբար, բացի համաներման ենթակա 775 ազատազրկվածներից, կրկնակիրառությամբ ազատ կարձակվեն 1000 բանտարկյալներ»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:
Ի դեպ, երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հաշվի առնելով նախորդ օրը ԱԺ-ում համաներման քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հնչեցված մի քանի դիտողությունները` Համաներման նախագծում մի շարք փոփոխություններ են մտցվել, և մանրամասնեց. «Նախագծի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «երրորդ» բառը փոխարինվել է «մեկ քառորդ»-ով: Սա վերաբերում է անզգույշ հանցագործություն կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն: Ունենք հավասարության նշաններ` դրված դիտավորյալ հանցագործություն կատարելու և անզգույշ հանցագործություն կատարելու միջև: Երկուսի պարագայում էլ նախատեսված էր «մեկ երրորդ»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անզգույշ հանցագործությունների դեպքում ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի` «մեկ երրորդ»-ը փոխարինվել է «մեկ քառորդ»-ով:
Նախագծի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «հունիսի 31»-ը փոխարինվել է «օգոստոսի 21»-ով: Այսինքն` երկարացվել է այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են ներկայանալ, և ներկայանալուց հետո նրանց գործը կկարճվի: Նախագծի 16-րդ կետում «հունիսի 30»-ը համապատասխանաբար փոխարինվել է «սեպտեմբերի 21»-ով, ինչը վերաբերում է 60 տարեկանը լրացած անձանց: Նախագծի 16-րդ կետում «մայիսի 1»-ը փոխարինվել է «մայիսի 10»-ով: Սա էլ վերաբերում է, ըստ էության, տվյալ պահի դրությամբ հաշմանդամ ճանաչված անձանց:
Առաջարկությունների մյուս մասը վերաբերում էր բացառություն համարվող հոդվածների շարքին, որոնց վրա չի տարածվում համաներումը: Այսինքն` տրանսպորտային վթարների արդյունքում երկու և ավելի մահ առաջացրած դեպքերին: Հաշվի առնելով, որ սրանք ևս անզգույշ հանցագործություններ են, ապա այս բացառությունների վրա համաներումը ևս կտարածվի: Բայց այս պարագայում, հաշվի առնելով նրանց պատժի մեծ չափը, ենթադրվում է, որ նրանց պատժաչափը կկրճատվի: Այսինքն՝ նրանք ամբողջությամբ ազատազրկումից չեն ազատվի»:
Այնուհետև պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմքով ազատազրկված բոլոր ընդդիմադիր գործիչների վրա համաներումը կտարածվի՞, Հրայր Թովմասյանն ասաց.«Եթե կոնկրետ նկատի ունեք Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին, ապա այս համաներումը նրանց վրա կտարածվի և պետք չէ մտավարժանքների մեջ ընկնել»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք մինչև ընդդիմության հանրահավաքը Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ կհայտնվեն, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Որոշակի տեխնիկական ընթացակարգեր են, և պետք է նայել, թե արդյոք հնարավո՞ր է այդ ամբողջը հասցնել: Ցանկացած ձգձգում, ոչ միայն տվյալ անձանց հետ, կոռուպցիոն ռիսկեր է պարունակելու, բացառելու է այն դեպքերը, երբ անձին մեկ օր շուտ բաց թողնելը պետք է զարտուղի ճանապարհներով լինի: Ավել օրվա երկարելը չարաշահման տեղիք է տալու, և նույնիսկ այդ մարդիկ են որոշ դեպքերում, ցավոք սրտի, պատրաստ լինելու գնալ այդ քայլին` մեկ և երկու ամիս շուտ դուրս գալու համար»:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Առաջին լրատվականն» էր տեղեկացրել, որ քրեակատարողական հիմնարկներում համաներման ենթակա բանտարկյալներին բնութագիր տալու համար կոռուպցիոն գործընթացներ են սկսվել, և բնութագրի ստվերային ընդհանուր արժեքը հասնում է 1000 դոլարի: Այս մասին ԱԺ ամբիոնից, արձագանքելով մեր հրապարակմանը, ահազանգեց Ռաֆիկ Պետրոսյանը` նշելով, որ ինքը հավատում է լրագրողներին, և կոչ արեց թույլ չտալ, որ մարդիկ իրենց ձեռքերը տաքացնեն նախագահի այս գեղեցիկ տեքստի վրա:
Այնինչ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը նշել էր, որ դա ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արդյունքում ծնված և էժանագին եղանակով տարածված սուտ: Ստացվում է, որ այդ ստի մասին բարձրաձայնում և ահազանգում են անձամբ ԱԺ պատգամավորներն և իր վերադասը` արդարադատության նախարարը:
«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս տեղյակ է այդ կոռուպցիոն ռիսկերից: Սակայն նրա խոսքերով, բանտերից հավաքված գումարները բարձրանում են վերև: Այսինքն` ղեկավարը տալիս է իր ղեկավարին, և այսպես կոռուպցիան բարձրանում է վերև: Ի դեպ, այստեղ տեղին է հիշել տերևին նվիրված բանաստեղծությունը, «Տերևն ասաց տերևին` ո՞վ կա քեզնից վերևը, տերևն ասաց` տերևը, իսկ քեզանից վերևը, տերևն ասաց` տերևը, ինչ լավ է, որ բոլորը մերոնք են վերևը»:
Միքայել Դանիելյանը նաև նշեց, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդարադատության նախարարը չի կարող այս ամենը կասեցնել, որովհետև նա նոր է նշանակվել արդարադատության նախարար, իսկ համակարգն աշխատում է երկար տարիներ: «Այս երևույթը կարող է կասեցնել միայն իշխանության ցանկությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը:
«Ժամանակ» օրաթերթ










































