Քիմ Քարդաշյանը նշանվել է: Նրա ընկերը, ում հետ ֆոտոմոդելը հանդիպում էր 6 ամիս, անսպասելի առաջարկություն է արել: 30-ամյա գեղեցկուհու ձեռքը խնդրել է «Նյու Ջերսի Նեթս»-ի բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսը: Այդ ամենը տեղի է ունեցել Քիմի Բեվերլի Հիլզի տանը:
Քրիսը` ծնկի եկած, իր սիրեցյալին հանձնել է 2 մլն դոլար արժողությամբ 20.5 կարատանոց ադամանդե քարով մատանին`Lorraine Schwartz-ից:
«Ես ամենևին չէի սպասում: Ես անասելի շոկ ապրեցի: Երբեք չէի պատկերացնի, որ այդ ամենը տանը տեղի կունենա, առավելևս` հիմա»,- Քարդաշյանի խոսքերն է մեջբերում People-ը:
Պարզվում է, Քրիսը Քիմի մոր հետ է ընտրել մատանին: Վերջինս նաև անակնկալ էր պատրաստել զույգի համար:
Քրիսը «զոքանչ»-ին կատակով ասել էր լավ կլիներ այդ պահին երկու ձի էլ լիներ, իսկ վերջինս սրտին մոտ էր ընդունել փեսայի խոսքերն ու երեկոյան խնջույքին ներկայացել էր նժույգներով: