Օրերս ընտրությունների հետ կապված շատ սովորական խոսակցության ժամանակ պարզվեց, որ մեր գյուղապետն ու մի քանի գյուղացիներ զուտ հետաքրքրության համար «վերլուծել են» վերջին մի քանի համապետական ընտրությունները և ի թիվս այլ եզրակացությունների՝ պարզել, որ 250 տուն ունեցող գյուղում այդ տարիներին ընտրակաշառք չեն վերցրել ընդամենը 6 ընտանիք: Ավելի հստակ՝ կաշառք բաժանողները, հասկանալով, որ դա անիմաստ է, չեն էլ դիմել այդ ընտանիքներին: Քանի որ փողի բաժանման կոորդինացիայի ծանր գործընթացը միշտ իրականացնում են խեղճ գյուղապետերն ու իրենց շրջապատը, հասկացա, որ ինֆորմացիան միանշանակ հավաստի է՝ հատկապես, որ անմիջապես թվարկեցին «չվերցնողների» անունները: Գյուղում կան այլ ընտանիքներ ևս, որոնք տրամաբանորեն պետք է որ իրենց համար վիրավորական համարեին ընտրակաշառքի առաջարկը, ցավոք, պարզվեց, որ փողի ցուցակներում նրանց անունները կան:
Դասընկերոջս, որ հարևան գյուղի գյուղապետն է ու ՀՀԿ կառույցի նախագահը, խնդրեցի հիշել, թե իրենց գյուղում քանի ընտանիք կա, որ փողով չէ, այլ իրենց «խղճի մտոք» են ընտրություն կատարում: Վերջինս երկար մտածելուց հետո մեկ-երկուսին գտավ, բայց իր խղճի դեմ գործած չլինելու համար նշեց՝ «չի բացառվում, որ մինչև 10 ընտանիք կլինի»:
Երրորդ գյուղում գյուղապետի տեղակալը հաշվեց հինգ ընտանիք: Խոստացավ, որ եթե հետո էլի նման մարդկանց մտաբերի, անպայման կզանգի: Դեռ չի զանգել:
Չորրորդում կասկածանքով երկու-երեք մարդկանց անուններ տվեցին, ոչ թե վստահ իմանալով, այլ մտածելով, որ «նրանք երբեք այնքան չեն իջնի, որ իրենց նման բան թույլ տան»:
Հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ գյուղերում բացարձակապես նույն պատկերն էր: Մի գյուղում միայն գյուղապետը, որ հարազատ անձնավորություն է, հաշվեց 12 ընտանիք, որոնց չեն համարձակվում փողի առաջարկություն անել: 6-7-ը հանրապետության մակարդակով նախկին ու ներկա պաշտոնյաներ են, մեկը նախկին ԱԺ պատգամավոր է, երկուսը՝ դասախոս:
Արտաշատի 9 գյուղերում նման պարզ հարցումների արդյունքում պարզվեց, որ տարածաշրջանում երևի թե չկա մի գյուղ, որում ընտրակաշառք չվերցնողները կազմեն գյուղի բնակչության ընդհանուր թվի գոնե 5%-ը: Հարցված բոլոր գյուղերում սկզբունքի, գաղափարի, խղճի մտոք ընտրողների քանակը ընդհանուրի մեջ անգամ երկու-երեք տոկոսի չի հասնում:
Հարազատս, որ Իջևանի տարածաշրջանի սահմանին ծվարած փոքր գյուղի գյուղապետարանում է աշխատում, հարցումիս ի պատասխան՝ նշեց, որ անցած նախագահական ընտրություններում գյուղի 300 ընտրողներից 220-ն են մասնակցել, որոնցից 75-ը կտրականապես հրաժարվել է փող վերցնել և քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Մնացածի մի մասը նույնպես փող չի վերցրել, պարզապես հարգելով գյուղապետի խնդրանքը՝ ընտրել էին Սերժ Սարգսյանին: Ընդհանուրի միայն 25-30%-ն է համաձայնել ընտակաշառքին: Բնականաբար, չվերցրածների գումարը գյուղապետն էր գրպանել, բայց դա այլ հարց է:
Հասկանալի է, որ արածս «ուսումնասիրությունը» սոցիոլոգիայի տեսանկյունից, մասնագիտական առումով արժեք չի ներկայացնում, բայց ոչ մի մասնագիտական հարցում չի տա այն «արդյունքը», որ տալիս են «փողերի բաժանման ցուցակները, որտեղ ամեն ինչ առավել քան հստակ է»: Մյուս կողմից էլ՝ եթե շատ մեծ գյուղ չէ, ապա բոլորը բոլորի անցյալն ու ներկան շատ լավ գիտեն:
Այդքանով հանդերձ՝ եթե նույնիսկ ընդունենք, որ հարցումի սխալմունքը կազմում է 400-500%, ապա միևնույն է՝ դրանից շատ բան չի փոխվում: 6 ընտանիքը թող դառնա 36, 40, 50:
Դիտարկում ասվածն արել եմ Արտաշատի տարածաշրջանի Բուրաստան, Արևշատ, Մասիս, Բարձրաշեն, Բյուրավան, Գետազատ, Դիտակ և այլ գյուղերում: Դրանից զատ, հեռախոսային զրույցներ եմ ունեցել նաև Արարատի, Արմավիրի, Էջմիածնի իմ ծանոթների, մտերիմների հետ: Գրեթե առանց բացառության նույն պատկերն է ամբողջ Արարատյան դաշտում, Աշտարակի տարածաշրջանում, Վայքում: Կարող է գյուղերը, բնակավայրերը մեկը մյուսի համեմատությամբ 5, 10, 20 տոկոսի շեղում տան, բայց ընդհանուր առմամբ նույն իրավիճակն է: Շատ հավանական է, որ լեռնային հատվածի ժողովուրդը այս առումով այլ վարք դրսևորի (ինչպես Իջևանում էր): Նրանց մոտ պատվախնդրություն ասվածն ավելի բարձր է:
Հիմա Արարատյան դաշտի գյուղերում ագրեսիվ անհամբերությամբ սպասում են փող բաժանելուն: Իսկ բաժանողներն էլ զբաղված են ցուցակների վերջնական հստակեցմամբ: Ամենուր «ռազբորկաներ» են գյուղապետերի, գյուղի հեղինակությունների, վերջին օրերին արդեն՝ ավելի հաճախ նաև տարածաշրջանի մակարդակի հեղինակությունների, թեկնածուների, իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ: Երրորդ, հինգերորդ անձի միջոցով փորձել են նախնական պայմանավորվածությունը խախտելով մեկմեկուց ձայն փախցնել, ու գրեթե ամեն օր «ճշտի ասպետները» իրար ու ազգին մարդկության ու ճիշտ ապրելու կարգն են բացատրում: Ու երբ լսում ես, թե ովքեր են «բացատրողները», «ձայներ կիսողները»… ապշելու է, սրանց բացարձակ մեծամասնությունը բառիս ուղղակի իմաստով տառաճանաչ չեն, նույնիսկ ցուցակներում անունները ճիշտ կարդալու մակարդակի: Բայց դա չի խանգարում, որ այդ կիսելու, ճշտելու, ճիշտը առաջ տանելու, տարաձայնությունները հարթելու ընթացքում մեկը մյուսին այսինչ փողոցից մի 10 տուն «նվիրի»: Այնպիսի տոնով, կարծես սեփական ոչխարի հոտից մի քանիսը տալիս է դիմացինին: Ցավոք, փողի հոտն առած «նվիրվողները» բոլորովին անտարբեր են ու դրանից վատ չեն էլ զգում, որ երեկ պետք է քվեարկեին դաշնակների օգտին, այսօր «բանա էլե», այսօր պետք է ընտրեն հանրապետականին: Կարծես իրենց դա չի էլ վերաբերում. «ով էշ, մենք փալան»՝ ասում են:
Ու հասկանում ես, որ էշափալանային այս մտածելակերպով սրանք ազգի համար շատ ավելի մեծ դժբախտություն են, քան այս իշխանությունները: Այդքանից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք նման բարոյահոգեբանական մթնոլորտի, տիրող նման անբարոյական իրավիճակի համար միայն իշխանություններն են (որոնց հասցեին հնչեցվող ցանկացած բացասական ածական տեղին է թե՛ այս պարագայում և թե՛ ընդհանրապես) մեղավոր: Արդյո՞ք նման հոգեբանություն, նման սպասումներ ունեցող մարդը կարող է ավելի լավ իշխանություն ունենալ: Ինչպիսին ժողովուրդն է, այդպիսին էլ իր իշխանությունն է: Հենց դրա համար էլ այս իշխանությունն ունենք: Այդ դեպքում ինչո՞ւ են տեղի-անտեղի դժգոհում սրանցից: Միայն նրա համար, որ իշխողների փոխարեն իրե՞նք չեն: Այլապես սրանք 10 մլն-ի հնարավորություն ունեն, այդ տասը մլն-ն են վերցնում, իրենք 10 հազարի՝ տասը հազարը: Ո՞րն է տարբերությունը:
Եվ վերջում. Արտաշատի վերոթվարկյալ գյուղերը Երևանից ընդամենը 25-30 կմ հեռավորության վրա են, գրեթե մայրաքաղաքին կպած: Այդքան մոտիկ, ու մինչ օրս այդ գյուղերում ընդդիմության ոտքը չի կպել: Հավանաբար, նախընտրական քարոզարշավի օրերին վերջիններս շրջկենտրոններում կհանդիպեն «իրենց ընտրողին», մի լավ կքոթակեն իշխանություններին, ու այդքանով ամեն ինչ կվերջանա: Թերևս նաև դա է պատճառը, որ գյուղերում այսօր այդ վիճակն է: Հիմա արդեն ուշ է, բայց ապրիլի 3-ից պետք է սկսել համազգային շարժում նաև «ժողովրդական կաշառքի» դեմ: Այդ դեպքում գուցե առաջիկա 5-10 տարիներին ինչ-որ բան փոխվի:











































