Թուրք փրկարարները գտել են Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վիրավոր օդաչուին, որի բեկորներն ավելի վաղ հայտնաբերվել էին Թուրքիայի սահմանային Հաթայ նահանգում: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Նշվում է, որ օդաչուն հոսպիտալացվել է:
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ թուրք-սիրիական սահմանին կործանվել է Սիրիայի ԶՈւ Միգ-23 ինքնաթիռը: Հաթայի նահանգապետ Էրդալ Աթա հայտարարել է, որ որոնողական խմբերը հայտնաբերել են թուրք-սիրիական սահմանին ընկած սիրիական ռազմական ինքնաթիռի բեկորները:
Նա հավելել է, որ սիրիական ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը, այլ հնարավոր է՝ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով է ընկել կամ սիրիական տարածքի երկնքում տեղի ունեցած այլ պատահարի հետևանքով:
Dogan գործակալության տեղեկությամբ՝ ինքնաթիռը կարող է խփված լինել գրոհայինների կողմից Մաարրաթ Միրին բնակավայրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 10 կմ հեռու, ինչից հետո ինքնաթիռը սկսել է ընկնել և կործանվել է արդեն Հաթայի տարածքում:











































