Օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ 12 խումբ արարքների համար, որոնցից 8-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական մարմնին, իսկ 4-ը՝ ՀՔԾ-ին։
Այդ 12 արարքների թվում են՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ընտրակաշառք տալը կամ վերցնելը և այլն:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը: Նրա դիտարկմամբ՝ իրավական պետությունում օրենքով հանցակազմ նախատեսելը և դրա համար պատասխանատվություն նախատեսելը հանդիսանում է երաշխիք, և ենթադրվում է, որ այդ երաշխիքը պիտի գործի:
«Սակայն Հայաստանում ցավոք սրտի փաստացի իրավիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որը պետք է ունենայինք՝ ըստ օրենքի: Սա հստակ անգործության հետևանք է այն իրավասու մարմինների, որոնք նման դեպքերի մասին հայտարարությունների կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու պատասխանատվություն են կրում:
Հանրության առավել գիտակից և մտահոգ հատվածները պետք է մեծ ջանքեր և ուշադրություն կենտրոնացնեն, այդպիսի դեպքերի կապակցությամբ փաստեր հավաքագրեն և դատախազության անգործության դեպքում պետք է բողոքներ ներկայացնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































