Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է իր ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է 2016թ. աշխարհի 159 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մարդու իրավունքների ոտնահարմանը:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշված է, որ 2016թ. երկրի համար նշանավորվել է տնտեսական և քաղաքական անկայունությամբ և Լեռնային Ղարաբաղում ապրիլյան լայնամասշտաբ ռազմական առճակատման հետ կապված անվտանգության վերաբերյալ աճող մտավախություններով: Զեկույցն անդրադարձել է նաև Հովիկ Աբրահամյանի հրաժարականին: «Սեպտեմբերի 8-ին հրաժարկան է տվել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն իր այս քայլը բացատրել է նրանով, որ կառավարությունը չի հաղթահարել տնտեսական և քաղաքական մարտահրավերները: Սեպտեմբերի 13-ին նախագահ Սերժ Սարգյանը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին նշանակել է նոր վարչապետ»,-ասված է զեկույցում:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 2016թ. հուլիսին ոստիկանությունն անհմաչափ ուժ է կիրառել, բռնություն է գործադրել ցուցարարների, լրագրողների հանդեպ՝ ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Զեկույցը մատնանշում է, որ հուլիսյան իրադարձություններին հաջորդել են կամայական ձերբկալությունները:
2016թ. շարունակվել են խոշտանգումները, բռնությունները կալանավայրերում: Զեկույցը, մասնավորապես, անդրադառնում է Վարդգես Գասպարիի, հուլիսյան դեպքերից հետո ձերբակալված ակտիվիստների դեմ կիրառված բռնության դեպքերին:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նշել է հղիության ընդհատումների մասին օրենքում արված փոփոխությունները, որով արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը 12-22 շաբաթների ընթացքում: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ մտավախություններ են հայտնել, որ որոշում կայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը կարող է բերել կոռուպցիայի, վտանգավոր ընդհատումների և որպես հետևանք՝ մայրական մահացության աճի:









































