ԱՄՆ-ի հայտարարությունը սիրիական կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մասին վկայում է, որ Սիրիայում իրադարձությունները կզարգանան իրաքյան սցենարով՝ հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ ներկա վիճակը հիշեցնում է իրաքյան պատերազմի մեկնարկը, ինչի համար պատրվակ էր ծառայել երկրում քիմիական զենքի առկայությունը: Գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները հապշտապ հայտարարում են Սիրիայում քիմիական զենքի առկայության մասին մինչ ՄԱԿ-ի տեսուչների հետաքննության ավարտը, որպեսզի Սիրիա ռազմական ներխուժում սկսեն: Գործակալությունը կարծում է, որ չի կարելի թույլ տալ իրադարձությունների նման զարգացում, իսկ սիրիական հարցի կարգավորման գործում գլխավոր դերը պետք է խաղա ՄԱԿ-ը:
«Սինհուա»-ում տեղ գտած գրառումը կառավարության պաշտոնական հայտարարությունը չէ, սակայն հիմնականում արտացոլում է չինական ղեկավարության դիրքորոշումը:










































