Եգիպտական իշխանությունները հնգօրյա դադարից հետո մի քանի ժամով բացել են Գազայի հետ սահմանը:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է պաղեստինյան «Ռաֆահ» սահմանային անցակետի աղբյուրը:
Պաղեստինի ինքնավարությունը Եգիպտոսին միացնող միակ անցումը երկուշաբթի օրը դադարեցրել էր աշխատանքները, երբ անհայտ գրոհայինները սահմանային շրջանում եգիպտացի 25 ոստիկանի էին գնդակահարել:
«Եգիպտական իշխանությունները հայտնել են, որ, հումանիտար նկատառումներից ելնելով, որոշ անձանց՝ արտասահման բուժման մեկնող հիվանդների, արտասահմանում մշտական բնակության վայր ունեցողների և օտարերկրյա քաղաքացիների համար մասամբ բացում են «Ռաֆահ» սահմանային անցակետը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Իսրայելական շրջափակման պայմաններում «Ռաֆահը» արտաքին աշխարհի հետ կապող միակ դարպասն է:
Այժմ մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռաֆահը» 150-200 մարդ է բաց թողնում, նախկինում այդ ցուցանիշը 800-1200 մարդ էր կազմում:








































