Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ թունավոր քիմիական զենք են հայտնաբերել ընդդիմության մարտիկների մոտ: Այս մասին հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստատեսության տեղեկությունների՝ քիմիական զենքը հայտնաբերվել է ստորգետնյա թունելներում, որոնք խռովարարները փորել էին մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Ջոբարում:
Չորեքշաբթի Սիրիայի ընդդիմությունը հանդես էր եկել պնդումներով, որ կառավարական զորքերը իրենց դեմ քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում: Նրանց տվյալներով՝ քիմիական զենքի կիրառման արդյունքում զոհվել էր ամենաքիչը 1300 մարդ: Սիրիական զինվորականները, սակայն, հերքել էին այդ մեղադրանքները:









































