Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններից և ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հաղթանակից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ըստ էության, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սա փաստեց նաև գյուղապետի նախկին թեկնածու՝ ՀՅԴ-ական Վովա Սահակյանը: «Քանի դեռ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել, գյուղում լարվածությունը էլ ավելի կսաստկանա: Հենց այնպես, սովորական շարքային մարդ չեն սպանել, օրը ցերեկով գյուղապետարանի առաջ գյուղապետին սպանում են, ու մարդիկ սպասում են, որ վերջ՝ ամեն ինչ հանդարտվեց: Երբ նոր ընտրություններ ու նոր գյուղապետ ընտրվեց, վերջացա՞վ ամեն ինչ. իհարկե ոչ:
Կրկնում եմ՝ լարվածությունը գյուղում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չբացահայտվի Հրաչ Մուրադյանի սպանությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո հուլիսի 14-ին Պռոշյանում անցկացվեցին գյուղապետի արտահերթ ընտրություններ: Ձայների չնչին տարբերությամբ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, որը նախկինում առաջադրվել և պարտվել էր Հրաչ Մուրադյանին, հաղթեց ՀՅԴ-ից առաջադված և Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը վայելող Վովա Սահակյանին:
Որոշ ժամանակ անց, գյուղապետարանի գրեթե ողջ անձնակազմը հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե չեն ցանկանում աշխատել նոր ընտրված գյուղապետի հետ:










































