Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ամենամյա 11-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
«Ինչպես խոստացել էինք, այս տարի ավելի մեծ ցուցահանդես ենք ապահովել մեր բնակչության և բոլոր մասնակիցների համար: Ունենք մեծ պատվիրակություն Վրաստանից և Աջարիայից՝ 14 ընկերություն, առաջին անգամ մասնակցում են Հնդկաստանի և Լատվիայի ներկայացուցիչ ընկերությունները»,- տեղեկացրեց Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ և միջոցառման ղեկավար Եղիշե Թանաշյանը:
Վերջինս ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի ավելի մեծ պատվիրակություն է ներկայացել նաև Լեռնային Ղարաբաղից: Իսկ ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 90 տեղական և միջազգային կազմակերպություններ:
Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կարծիքով, սա շատ հարմար ֆորում է բիզնես կապերի ընդլայնման, միջազգային կապերի հաստատման, այս ոլորտում մտքերի փոխանակության ու համագործակցության համար:
Ավելացնենք, որ ցուցահանդեսը կազմակերպվում է Ճամփորդական գործակալների հայկական միության (AATA), Գերմանիայի միջազգային համագործակցության երևանյան գրասենյակի (GIZ), Հայաստանի հյուրանոցների միության, Ճամփորդական գործակալների ամերիկյան միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
Նպատակն է խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը, տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության զարգացման միտումների մասին, հնարավորություն ընձեռել ծանոթանալու շահեկան առաջարկների:









































