ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ կիսամերկ տղամարդը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, հայտնվել է ինքնաթիռում, որով թռչում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Տղամարդն ընդհանուր առմամբ պատճառել է 100 հազար եվրոյի վնաս:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նա փշալարերով ցանկապատի վրայով հայտնվել է Քյոլնի ռազմական օդանավակայանի թռիչքուղում: Ընդ որում՝ տեսախցիկներն այդ պահը չեն ֆիքսել:
Նկատելով A-319 կառավարական ինքնաթիռը՝ նա բարձրացել է դրա թևի վրա, մերկացել է և սկսել պարել: Այնուհետև նա մտել է օդաչուների խցիկ և սկսել սեղմել բոլոր կոճակները: Օրինախախտին հաջողվել է հանգստացնել միայն երեք ժամ անց` ոստիկանական շան օգնությամբ, որը կծել է նրա ոտքը:
Ոստիկանությունն ավելի ուշ պարզել է, որ անկարգություն կազմակերպած տղամարդը ծագումով թուրք մարզիկ է: Նրան ուղարկել են հոգեբուժական կլինիկա, իսկ անվտանգության ուժերը պարզում են սխալների պատճառները, որոնք թույլ են տվել օդանավակայանի և ռազմաօդային ուժերի աշխատակիցները, որոնց պատճառով հնարավոր է դարձել նման արտակարգ իրավիճակը:





































