Հունաստանի կառավարությունը դատապարտել է Թուրքիայում հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձը, բայց մտադիր չէ միջամտել Հունաստանի Գերագույն դատարանի որոշմանը, որը մերժել է Թուրքիային արտահանձնել թուրք 8 զինծառայողներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախարարների կաբինետի մամլո ծառայությանը:
Նախօրեին Հունաստանի Գերագույն դատարանը մերժել է արտահանձնել բոլոր 8 թուրք զինծառայողներին, որոնք Հունաստան էին փախել անցած տարվա հուլիսի 16-ին ուղղաթիռով Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Դրանից մի քանի ժամ անց Թուրքիայի դատարանն արտոնել է այդ 8 զինվորականների կալանքը:
Հունաստանի դատարանի վճռից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը բողոք է հայտնել և հայտարարել, որ «Հունաստանը խուսափում է ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի հետ կապված նվազագույն պարտավորությունների կատարումից և ինչպես համարվում է՝ այս որոշումն ընդունել է՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից»: Թուրքիան Հունաստանին մեղադրել է, որ «երկիրը, որն ինքն այդպիսի հեղաշրջում է ապրել, դարձել է դրա պաշտպանը»: Թուրքիայի ԱԳՆ-ը նշել է, որ Թուրքիան կարող է «բազմակողմանիորեն գնահատել, թե տվյալ որոշումն ինչպես կազդի հակաահաբեկչության ոլորտում և այլ ընդհանուր երկկողմ կամ տարածաշրջանային հարցերում երկու երկրների համագործակցության վրա:
«Հունաստանի կառավարությունն ամենասկզբից վճռականորեն դատապարտել է պետական հեղաշրջման փորձը և աջակցել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, նաև սահմանադրական օրինականության պահպանումը մեր հարևանների մոտ: Այսօր, ինչպեսև այն ժամանակ, մենք ընդգծում ենք, որ հեղաշրջման փորձի մասնակիցները ցանկալի չեն մեր երկրում»,- ասվում է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի մամլո ծառայության մեկնաբանության մեջ:
«Ամեն դեպքում, Հունաստանն իրավական պետություն է իշխանությունների բաժանման սահմանադրորեն ամրագրված և անվիճելի սկզբունքով և միջազգային իրավունքի լիակատար, այդ թվում՝ բոլոր միջազգային կոնվենցիաների պահպանմամբ, որոնց համաձայն՝ երկիրը պարտավորություններ ունի: Հունաստանում համապատասխան դատական որոշումների համար միակ պատասխանատուն հունական անկախ արդարադատությունն է, որի որոշումները պարտադիր են…»,- ընդգծել են կառավարությունում:









































