«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը։
– Պարոն Թորոսյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման պատճառով Ռուսաստանն Ուկրաինայի օրինակով մեր երկրի նկատմամբ էլ տնտեսական պատժամիջոցներ կիրառի:
– Չեմ կարծում: Իհարկե, Ասոցացման համաձայնագրին անդամակցելը կարող է ինչ-որ տեղ չբխել Ռուսաստանի շահերից, բայց այնպես չէ, որ մենք կանգնած ենք ընտրության առջև և պետք է որոշում կայացնենք՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագի՞րը ստորագրենք, թե՞ միանանք Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Մենք կարող ենք և՛ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, և՛ մաս կազմել Մաքսային միությանը: Խնդիրներ կան, որոնք տալիս են մեզ այդ հնարավորությունը: Նախ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով և Եվրոպայի հետ անմիջական սահման չունենալով (նկատի ունեմ Թուրքիայի կողմից մեր երկրի շրջափակումը)՝ մենք այդ համաձայնագրից մեծ ձեռքբերումներ չենք ունենա: Եթե ունենայինք ընդհանուր սահման և կկարողանայինք արտոնյալ պայմաններով արտադրանք արտահանել, ինչպես նախատեսում է Ասոցացման համաձայնագիրը, մեր ձեռքբերումները շատ ավելի լուրջ կլինեին: ԵՄ-ն, իհարկե ձգտում է, որ մենք միանանք այդ համաձայնագրին: Ինչ խոսք, նաև մենք ենք ձգտում, բայց ԵՄ-ն պետք է նաև քայլեր ձեռնարկի Թուրքիայի նկատմամբ, որ այդ երկիրը ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը:
– ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ Ասոցացման համաձայնագրից հետո ԵՄ-ն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի:
– Ենթադրվում է, որ ԵՄ-ն որոշակի քայլեր կձեռնարկի, որպեսզի այդ համաձայնագիրն իր նպատակին հասնի: Եթե ստորագրվում է համաձայնագիրը, բայց այն անհրաժեշտ արդյունավետությունը չի ապահովում, մեր ամբողջ սպասելիքները չեն արդարացվի: Այդ դեպքում մենք պետք է տարանցիկ երկրներով ապրանքաշրջանառություն իրականացնենք, որը ինչ-որ տեղ խնդրահարույց է դառնում: Իհարկե, հեռանկարային առումով կարելի է ենթադրել, որ որևէ մի պահի Թուրքիան հնարավոր է դադարեցնի շրջափակումը, և այդ համաձայնագիրը շատ ավելի արդյունավետ կգործի: Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա ՌԴ-ն քաջ գիտակցում է իր ռազմավարական գործընկերոջ շահերը: Եվ որ մենք ՌԴ-ի հետ էլ չունենք ուղիղ սահման: ՌԴ-ն նաև պետք է հաշվի առնի ԵՄ-ի հետ մեր շփումներից ակնկալվող շահերը և չպետք է մեզ դնի ընտրության առաջ՝ կա՛մ Ասոցացման համաձայնագիր, կա՛մ Մաքսային միություն: Եթե ՌԴ-ն փորձի այդպիսի քայլեր ձեռնարկել, մենք պետք է կարողանանք որևէ կերպ հակազդել: Բայց ճիշտն այն կլինի, որ մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մենք կարողանանք Ռուսաստանի հետ լեզու գտնել և հիմնավորել մեզ համար խիստ անհրաժեշտ շահերը: Հետևաբար երկու կողմն էլ մեզ ոչ կարող են գայթակղել երանելի հեռանկարով, ոչ էլ որոշակիորեն պարտադրել, որովհետև դիմացը չկա այն արժեքը, հանուն որի կարելի լինի ինչ-որ շահեր զոհաբերել:
– Ամեն դեպքում ՌԴ-ն բավականին խանդով է վերաբերվում ԵՄ-ի հետ մեր երկրի հարաբերություններին, և աշնանը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին հնարավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառի, ինչպես արեց Ուկրաինայի նկատմամբ: Դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և մեր գործարարության համար:
– Ուկրաինան այնքան թելերով է կապված ՌԴ-ի հետ, որ դա այդ երկրի համար կարող է ազդեցիկ լինել: Մենք ՌԴ ենք արտահանում ընդամենը խմիչք, կոնյակ, ծխախոտ, պահածոյացված բանջարեղեն և այլ գյուղմթերք: Եվ չեմ կարծում, թե բանը կհասնի նրան, որ ՌԴ-ն էմբարգո կդնի և կխստացնի մեր արտահանման պայմանները: Չի կարող այդպիսի բան լինել: Պետք է հաշվի առնենք ռազմավարական գործընկերությունը, ռուսական սահմանապահների առկայությունը մեր երկրում, ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը: Եվ շատ ավելի բաներ են մեզ կապում, որ չի կարող այդպիսի հետևանքներ ունենալ, ինչպես եղավ ռուս-ուկրաինական հարաբերությունների դեպքում:











































