«Քանի կար` Սերժ Սարգսյանն ասում էր, որ 2012-ին չպետք է լինի հանրակացարան, 13-ն էլ անցավ, մտնում ենք 14 թվական… Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, մտածեք մեր մասին, շուտով 15 թվականը կմտնենք, դեռ այս շենքում ենք, մինչդեռ հենց ընտրությունները գալիս են, հիշում եք»,- Սերժ Սարգսյանին իր տված խոստումը հիշեցնում են Վարդաշենի հանրակացարանի բնակիչները: Բացի այդ, Վարդաշենի 68Ա հասցեի բնակիչները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ նա անձամբ գա և հանդիպի իրենց հետ, ծանոթանա խնդիրներին:
«Ինչո՞վ են վատը մեր երեխաները, որ պետք է քոչվորի նման այս կեղտոտ և ինֆեկցիայի բուն շրջապատում ապրեն»,- ասաց բնակչուհի Աննա Եդեջբարյանը՝ ավելացնելով, թե ինչպես է, որ քաղաքի տարբեր տեղերում խաղահրապարակներ են կառուցում, բարեկարգում, իսկ Վարդաշենում միայն աղբի կուտակումներ են և համատարած փնթիություն:
«Մենք բոշա ենք, ինչ ենք, ինչի՞ իրենց կնիկները և քուրերը մեզնից լա՞վն են, մեզնից ինչո՞վ են լավը, որ շեֆի կնիկ են դրա համա՞ր, թե՞ մարդ չեն, անասուն են հանրակացարանի բնակիչները. խոզի նման քնենք, խոզի նման արթնանանք»,- հուզված ասաց Աննա Եդեջբարյանը:
Նա նշեց, որ հանրակացարանի բնակիչներն արդեն մեծ են, երեխաներ ունեն ամուսացնելու, բայց որևէ պայման չկա:
Բնակիչներից մեկն էլ ասաց, որ ինը քառակուսու վրա ապրում է որդու հետ նույն սենյակում, պայմանները նեղ են, անելանելիությունից չգիտի ինչ անել, ում դիմել:
«Երեք ղեկավարներին էլ չեմ ընտրել, բայց երեք ղեկավարներն էլ հավասար քանդել են երկիրը. առաջինը Լևոնը քանդեց, այս երկու ղարաբաղցիներն էլ ցախավելով մաքրեցին»,- ասաց Ելենա տատը:








































