Պլաստիկ վիրահատությունների հանդեպ կախվածություն ունեցող 58-ամյա Մոնիկա Ալլենը խոստովանել է, որ անվերջանալի վիրահատությունները քայքայել են իր կյանքը, սակայն կանգ առնել չի պատրաստվում:
Մոնիկա Ալլենն ավելի քան երկու հարյուր վիրահատություններ է տարել: Մոտավոր հաշվարկներով՝ ոչ օրինական կլինիկաներում արված 75 վիրահատությունների ժամանակ նա իր մեջ 12 լիտր սիլիկոն է ներարկել:
Մոնիկան ռինոպլաստիկ 23 և կրծքի մեծացման 9 վիրահատություններ է տարել:
Մոնիկայի խոսքերով՝ կոսմետիկ վիրաբուժությունը հիմնովին փոփոխել է իր բնական տեսքը, և ինքը զղջում է, որ գնացել է այդ քայլին:
«Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են մահանում անօրինական պլաստիկ վիրահատությունների արդյունքում, նրանց մեծամասնությունը երիտասարդ կանայք են: Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք նայեն ինձ և տեսնեն, թե ուր կարող է այդ ամենը տանել: Ես անտեսել եմ վտանգը և այժմ ստիպված եմ ապրել դրանց հետևանքներով»,- շարունակել է նա:
Կինը խոստովանել է, որ իր մարմնի որոշ մասեր արդեն կենդանի չեն, և ինքը ստիպված է դրանք կոսմետիկ միջոցներով քողարկել: Եվ չնայած պլաստիկ վիրահատությունը նրան շատ տառապանքներ է պատճառել, Մոնիկան երազում է մեկ այլ ռինովիրահատության մասին:
22 տարեկան հասակում Մոնիկան փոխել է սեռը և դրանից անմիջապես հետո ցանկացել է մեծացնել կուրծքը: Մի քանի վիրահատություններից հետո նա սկսել է անօրինական կլինիկաներ փնտրել, որտեղ էլ արել են մնացած վիրահատությունները:
Կնոջ ընտանիքն աղաչել է, որ նա կանգ առնի, սակայն Մոնիկան կախվածության մեջ է հայտնվել պլաստիկ վիրահատություններից: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա 150 հազար դոլար է ծախսել ոտքերից, այտերից և մարմնի մնացած մասերից սիլիկոնը դուրս բերելու համար, գրում է Mail Online-ը:
«Ես ուզում եմ, որպեսզի երիտասարդ կանայք պլաստիկ վիրահատություն անելուց առաջ ինձ նայեն, ապա նոր որոշեն՝ արդյո՞ք դա հարկավոր է իրենց»,- ասել է Մոնիկան:







































