Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) հիմնադիրներից և նրա առաջին նախագահ Ռաուֆ Դենքթաշը գլխուղեղի անոթների հետ ունեցած խնդիրների պատճառով հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
87-ամյա Դենքթաշի առողջական վիճակի կտրուկ վատթարացման արդյունքում նա անմիջապես փոխադրվել է ՀԿԹՀ մայրաքաղաք Նիկոսիայի (Լեֆքոշա) հիվանդանոց: Այնտեղից նա իր ցանկությամբ տեղափոխվել է Մերձավոր Արևելքի համալսարանի հիվանդանոց:
Այնտեղ են ժամանել նաև ՀԿԹՀ գործող նախագահ Դերվիշ էրօղլուն և ՀԿԹՀ առողջապահության նախարար Ահմեդ Քաշիֆը:
Նշվում է, որ սրտի ռիթմի խախտման պատճառով Դենքթաշը կաթված է ստացել, և այժմ նրա կյանքը վտանգված է:
Հիշեցնենք, որ Դենքթաշը ՀԿԹՀ-ում նախագահել է 1970-ական թվականներից մինչև 2005 թվականի ապրիլի 24-ը, երբ իր տեղը զիջեց Մեհմեդ Ալի Թալաթին:










































