ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու գլխավոր նպատակն Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումն է, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի զարգացման համար ներդրումների ներգրավման լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը: Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Կարևորելով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման հնարավորությունները` նա նշեց, որ ԱՏԳ-ի շրջանակներում շուրջ 2500 աշխատատեղ ստեղծելը լրջորեն կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:
«Քանի որ ամբողջ ԵԱՏՄ-ում ԱՏԳ-ները լինելու են 7-ը, ապա ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին ունենալու է առանձնահատկություն, որը սահմանված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով: Առավելությունն այն է, որ ԱՏԳ-ի տարածքում գործելու է duty free համակարգ, որտեղ ֆիզիկական անձիք ունենալու են հնարավորություն ապրանքները գնել առանց մաքսատուրքի»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը:








































