ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր անդրադարձավ Կոնգրես-իշխանություն երկխոսությանը և վստահեցրեց, թե երկխոսություն լինելու է իշխանության հանձնման, խորհրդարանի և նախագահի արտահերթ ընտրության մասին:
ՀՀՇ վարչության նախագահը նշեց, թե ընդամենը մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ Կոնգրեսը կվերանվաճի Ազատության հրապարակը, չէր հավատում, որ իշխանությունը կհայտնվի այսքան ծանր վիճակում: «Այդ ամենը գրագետ քաղաքականության և ժողովրդի հաստատակամ պայքարի արդյունք է, և ամեն ինչ կախված է պայքարի գրագետ քաղաքականության շարունակությունից՝ հնարավորության դեպքում ավելացնելով ճնշումը: Այս ամբողջ գործընթացը, մեր ամբողջ գործունեությունը միտված է արտահերթ ընտրություններին՝ նախագահական, հետո՝ խորհրդարանական»,- փաստեց պարոն Մանուկյանը:
Ինչ վերաբերում է մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքին, Արամ Մանուկյանը նշեց, թե հենց հանրահավաքի ժամանակ ժողովրդի կողմից կորոշվի հետագա քայլերի հաջորդականությունը: «Ամեն ինչ կախված է մի քանի գործոնից` Ժողովրդի մասնակցություն, կամքի չափ և իշխանության կեցվածք»,- տեղեկացրեց Արամ Մանուկյանը:








































