Ստամբուլի առանձնակի ծանր հացագործությունների թիվ 7 դատարանի դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել 2015թ․ փետրվարին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող ՀՀ 3 քաղաքացների համար, հաղորդում է Haberturk կայքը։
Դատախազության կողմից հրապարակված մեղադրական եզրակացության մեջ հանցագործությունն անմիջականորեն իրականացրած Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածով: Կանխամտածված սպանության համար դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ, իսկ դիտավորյալ սպանության փորձի, կանխամտածված կողոպուտի և սեփականությանը վնաս հասցնելու հոդվածներով 22-ից 41-ական տարվա ազատազրկում:
Մյուս 9 կասկածյալների վերաբերյալ փաստերի բացակայության հիմնավորմամբ դատախազությունը պահանջել է արդարացնել նրանց:
Հայ ամուսինների տնից 1 մլն թուրքական լիրա արժողությամբ զարդեր և գումար հափշտակած 8 հոգանոց խումբը ձերբակալվել է հանցագործությունից 4 օր անց Տրապիզոնում՝ դեպի Հայաստան փախուստի ճանապարհին:
Դատավարության հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 8-ին:











































