Երբ փորձում ենք հետևել Հայաստանի Հանրապետության վարքագծին, որպես պետություն, անկախության 22 տարիների պրիզմայով, ապա կանգնում ենք ահռելի մի գահավիժման փաստի առաջ:
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտից վերածվել է համաշխարհային քաղաքականության օբյեկտի: Մինչդեռ, պետք է լիներ տրամագծորեն հակառակը: Այսինքն` անկախ պետականությունը պետք է որ Հայաստանի համար է՛լ ավելի ընդլայներ սուբյեկտության սահմանները` հատկապես նկատի ունենալով նաև աշխարհասփյուռ հայության հանգամանքը, որը տարբեր զարգացած և առաջավոր երկրներում ուներ հասարակական-քաղաքական լուրջ կշիռ ներկայացնող համայնքներ, տնօրինում էր բավական զգալի կապիտալի:
Բանն այն է, որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության սուբյեկտ էր դեռ այն ժամանակ, երբ անկախություն ձեռք չէր էլ բերել: 1988-89, նաև 90 թվականներին Հայաստանն արդեն սուբյեկտ էր, որն իհարկե համաշխարհային առումով ոչինչ չէր որոշում, բայց որոշում էր իր ճակատագիրը, որը երբ տեղավորում ենք համաշխարհային քաղաքական այդ ժամանակի սցենարների մեջ, ստանում է բավական լուրջ միջազգային նշանակություն: Եվ քանի որ այդ ճակատագիրը տնօրինողը հայ ժողովուրդն էր, Հայաստանի հասարակությունը, գոնե մի ահագին մասով, ուրեմն և Հայաստանը դեռ անգամ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ չլինելով, այդուհանդերձ դե ֆակտո հանդիսանում էր համաշխարհային քաղաքականության սուբյեկտ: Անկախ կարգավիճակը Հայաստանի համար բացում էր նորանոր հնարավորություններ այդ ասպարեզում, ներառյալ, ինչպես նշեցի, բավական ազդեցիկ և մեծ պոտենցիալ ունեցող սփյուռքի գոյությունը: Սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի, այդուհանդերձ, անկախությունից հետո սկսեց այդ իրավիճակի գլխիվայր շրջումը, իհարկե աստիճանաբար: Աստիճանաբար Հայաստանի հասարակությունը կորցրեց Հայաստանի ճակատագրի վրա ունեցած ազդեցությունը: Այդ ազդեցությունը կամաց-կամաց իր ձեռքը վերցրեց երկրի քաղաքական իշխանությունը` համարելով, որ հասարակության գործը չէ բարդ պետական քաղաքականության խորխորատները մտնելը, որ դա պահանջում է առանձնահատուկ խելք ու շնորհք: Հետո քաղաքական իշխանության մեջ սկսեց ձևավորվել այն մտայնությունը, որ հասարակությանը ոչ միայն պետք է մի կողմ դնել այդ բարդ և պատասխանատու գործից, այլ պետք է նաև փակել միջամտելու հնարավորությունները, որ հանկարծ «ապստամբություն» չլինի:
Այդպես երկրում սկսեց առաջ գնալ ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի դաշինքը, ներդրվեց ընտրությունը կեղծելու մեխանիզմը: Ընթացքում առաջացան նաև տարբեր անձանց բիզնես շահեր, որոնք սերտաճեցին իշխանության հետ: Անկախության երկրորդ կեսից արդեն քաղաքականությունը լիովին վերածվեց ընդամենը բիզնեսի երաշխիքային համակարգի, ոչ թե պետական ֆունկցիայի, որը պետք է իրականացնի ցանկացած պետական կազմավորում, եթե ուզում է լինել համաշխարհային քաղաքականության սուբյեկտ և հետապնդել իր շահը: Քաղաքականության ֆունկցիան օտարվեց հասարակությունից, հետո պետությունից ընդհանրապես, ու բիզնես ֆունկցիայի անվտանգության երաշխիքների դիմաց տրվեց արդեն համաշխարհային քաղաքականության այլ սուբյեկտների` գերտերություններին: Իսկ երկրի ներսում այդ իրավիճակը լեգիտիմացնելու, հանրությանն այդ իրադրության հետ հաշտեցնելու և ինքնարդարացման, սեփական ապաշնորհությունը, աչքածակությունը և պետական մտածողության իսպառ բացակայությունը արդարացնելու համար առաջ քաշվեց թեզը, թե Հայաստանը փոքր երկիր է, և չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել առանց որևէ գերտերության հովանավորության, չի կարող դեմ գնալ գերտերություններին, ու մնում է միայն նրանցից մեկի շվաքում հանգիստ տեղավորվել ու ենթարկվել, իսկ երկրի ներսում էլ հանկարծ չգժտվել իրար հետ, որ թշնամիները չուժեղանան:
Ահա այս պարզունակ պսեվդոքաղաքական մտայնությունների միջոցով Հայաստանում, ըստ էության, կապարակնքվեց համաշխարհային քաղաքականության օբյեկտությունը, երբ մեր ճակատագիրն այլևս որոշում են ամենուր, բացի Հայաստանից: Միգուցե սա մեր անկախության ընթացքի խտացված գույներով նկարագրությունն էր, սակայն երկրի ներկայիս վիճակը, արտագաղթի նոր ալիքի առկայությունը, մարտի 1-ի և ներքաղաքական այլ խայտառակ հանգրվանների գոյությունը, աղքատության ծավալների աճը, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի, ըստ էության, անօգնական վիճակը, երբ հույսը գերտերությունների միջև հակասությունն է միայն, հայ-թուրքական խայտառակ և անպատվաբեր գործընթացը, ներեկեղեցական խայտառակ վիճակը, վկայում են, թե ինչքան մուգ են գույներն իրականում, ու ինչքան թանձր է մեր անկախության երկու տասնամյակների նստվածքը: Հայաստանում գույները խտացնելն, ըստ էության, անհնար է` նույնիսկ ցանկության դեպքում: Եվ դրա վկայությունն այն է, որ անգամ իշխանությունն է իրավիճակը նկարագրում ընդդիմությանը համարժեք բնորոշումներով և տալիս այն փոխելու խոստումներ, իհարկե ավելի շատ փուչիկ, ոչ թե պետական քաղաքականության առաջնահերթություններ հիշեցնող: Հայաստանի անկախության երրորդ տասնամյակը, պետք է լինի կտրականապես այլ գունային գամմայի մեջ: Ոչ միայն պետք է գույները ավելի բաց լինեն, այլ պետք է բոլորովին այլ գույներ լինեն: Այդ հարցում չի կարող որևէ կասկած լինել, այլապես կասկածի տակ է Հայաստանի ապագան` արդեն ոչ միայն որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, այլ նաև օբյեկտ:








































