Միջազգային իրավապաշտպան Amnesty International-ը խղճի կալանավոր է ճանաչել ռուսասատանցի գործարարներ Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին: «Amnesty International-ը ռուսաստանցի գործարարներ Խոդորկովսկուն և Լեբեդևին հայտարարում է խղճի կալանավորներ»,- Interfax գործակալությանն ասել է այդ կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Նիկիտինը:
Ըստ Նիկիտինի՝ իրավապաշտպան կազմակերպությունն այս եզրակացության է եկել այն բանից հետո, երբ Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ ուժի մեջ է թողել երկրորդ գործով կայացրած դատավճիռը:
Հիշեցնենք, որ Amnesty International-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է այս խնդրին: 45 ռուսաստանցի մտավորականների նամակից հետո իրավապաշտպանները քննարկել էին այս հարցը, սակայն՝ բացասական որոշում կայացրել: Ըստ Amnesty International-ի` խղճի կալանավոր կարող է ճանաչվել նա, ում առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են: Amnesty International-ը ընդունել էր, որ առաջին գործով առաջադրված մեղադրանքների մեջ կար հանցակազմ: Միաժամանակ նշվել էր, որ երկրորդ գործի որոշումից հետո այս հարցը նորից է քննարկվելու: Amnesty International-ը կատարեց խոստումը և ընդունեց, որ երկրորդ գործով կայացված որոշման մեջ որևէ ապացույց չկա, թե Խոդորկովսկին և Լեբեդևն իրոք հանցանք են գործել:










































