Բնության տարերքից տուժած Ուրեկիի բնակիչները օգնություն են խնդրում տեղի իշխանություններից:
Ինչպես հայտնել է «Վրաստան օնլայն» կայքը՝ հորդառատ անձրևների պատճառով, որոնք գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ են դարձել, նավահանգստում ջրասույզ են եղել տասնյակ տներ:
Ամբողջովին ջրասույզ է եղել Դումբաձե փողոցը և նավահանգստային քաղաքի կենտրոնական հատվածը: Ջրի մակարդակը հասել է մեկ մետրի: Բնակչությունը դժգոհություն է հայտնում տեղի իշխանություններից և հայտարարում, որ նրանք դեռևս ոչ մի միջոց չեն ձեռնարկել:
Հակառակ բնակիչների պնդումների՝ Օզուրգետի վարչակազմի ղեկավար Կոտե Շարաշենիձեն պնդում է, որ փրկարարները օգնություն են ցուցաբերել տեղի բնակչությանը ամբողջ գիշեր, սակայն տարերքի լայնամասշտաբ լինելու պատճառով տեղի փրկարար ծառայությունները չեն բավարարում: Դրա հետ կապված՝ ստիպված են եղել օգնություն խնդրել հարևան շրջաններից:
Ըստ Կոտե Շարաշենիձեի՝ տներից ջրահեռացման աշխատանքները կսկսվեն անձրևների դադարելուց անմիջապես հետո: Տարերքի հասցրած վնասը դեռևս չի հաշվարկվել: Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողով կստեղծվի, որը կզբաղվի վնասը հաշվարկելով:






































