Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության 3 աշխատակիցների: Գործարանի մի խումբ աշխատակիցներ չվճարված աշխատավարձերի մարման պահանջով առավոտից հավաքվել են մարզպետարանի դիմաց:
Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է դրվել, որից գոյացած գումարով պետք է վճարվեն աշխատակիցների աշխատավարձերը:
«Այդ պատճառով մարզպետը խոստացել է ևս մեկ անգամ խոսել լուծարային հանձնաժողովի հետ` ծանոթանալու այդ գործողությունների ընթացքին»,- ասաց Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:
Քիմպրոմցիներն իրենց աշխատավարձերի վճարման պահանջով տարիներ առաջ դիմել էին նաև դատարան: Դատարանը բավարարել էր նրանց պահանջն ու քիմպրոմին պարտավորեցրել վճարել աշխատավարձերը:












































