Եգիպտոսի քաղաքական ղեկավարները պետք է առաջ քաշեն «վստահության արժանի» ծրագիր՝ երկրում տարածված բռնությունը դադարեցնելու համար, ինչպես նաև վերսկսեն ընդհատված քաղաքական գործընթացը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը:
Նա դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները՝ հարձակումը եկեղեցու, հիվանդանոցների և այլ հասարակական հաստատությունների վրա՝ նման գործողություններն անթույլատրելի համարելով: «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ եգիպտացիների համար այս վտանգավոր ժամանակաշրջանում առաջնային պետք է լինի նոր զոհերի կանխարգելումը»,- նշում է կազմակերպության մամլո ծառայությունը:
«Նա իշխանություններին և քաղաքական ղեկավարներին կոչ է անում արժանի ծրագիր առաջ քաշել՝ բռնությունը դադարեցնելու և ընդհատված քաղաքական գործընթացը վերսկսելու համար: Ժամանակը վճռորոշ դեր է խաղում»,- նշվում է հաղորդագրության մեջ։








































