Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շաբաթ օրը, ղեկավարվելով երկրի օրենսդրությամբ, հայտարարել է իր ղեկավարած Դեմոկրատական կուսակցությունից դուրս գալու մասին: «Երկրի նախագահը չի կարող որևէ կուսակցության անդամ լինել, որպեսզի բազմակուսակցականության պայմաններում այդ կուսակցության համար առավելություններ չստեղծի»,- հայտարարել է երկրի ղեկավարը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Պարզաբանելով իր որոշումը՝ Բերդիմուհամեդովը նշել է նաև, որ որպես երկրի ղեկավար՝ ինքը նաև պետության զինված ուժերի գերագույն հրամանատարն է հանդիսանում, իսկ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ զինծառայողները չեն կարող որևէ կուսակցության անդամ լինել: «Դրանից բացի, դադարեցնելով իր անդամակցությունն ընտրությունների ժամանակ իրեն աջակցած կուսակցությանը՝ նախագահը հնարավորություն չի տալիս այդ կուսակցությանը միջամտել իր գործունեությանը»,- ընդգծել է նա:
«Բազամակուսակցականության պայմաններում, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե պետական կարևոր պաշտոններ զբաղեցնողները որևէ կուսակցության անդամներ չլինեին»,- շարունակել է Բերդիմուհամեդովը:











































